«Մանկական Եվրատեսիլի» բեմում հայկական ձեռագիրն անպայման կլինի. Արտակ Վարդանյան
«Մանկական Եվրատեսիլի» բեմում հայկական ձեռագիրն անպայման կլինի. մեծ էկրանին կերևան փոքրիկ հոլովակներ՝ ներկայացնելով այն տեսարժան վայրերը, որով հայերս մեծապես հպարտանում ենք. այս մասին Հ1 հեռուստատեսության «Երջանկության մեխանիկա» հաղորդման հյուրասրահում նշեց «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության մամուլի պատասխանատու Արտակ Վարդանյանը։
Նա տեղեկացրեց, որ շարունակվում է մեծ քանակի տարբեր լույսերի ներկրումը Հայաստան, և դեկտեմբերի 2-ի և 3-ի բեմադրությունները լինելու են շքեղ ու լուսառատ։
Եվրատեսիլին Հայաստանը ներկայացնող ութերորդ դասարանցի Դալիթա Ավանեսյանի կարծիքով հայկական թիմը, որ կոչել են «Dream alliance», լավագույնս կներկայանա մրցույթին։ Պարուսույց Նելլի Կարապետյանը նշեց, որ սկզբում թիմային աշխատանքում խնդիրներ եղել են, սակայն դրանք հարթվել են շատ արագ, երեխաների հետ իրականացվել է «ոսկերչական նուրբ աշխատանք»։
Նշենք, որ օրեր առաջ ուշադրության կենտրոնում հայտնված փոքրիկ երգչուհու համար փորձություն էր պատրաստել «Արմենիա» հեռուստատեսության «Բլեֆ» խումբը։ Եվրատեսիլյան նախագծի՝ իբրև փոխված տնօրենը Դալիթայից պահանջում էր խուզել իր շքեղ մազերը, որպեսզի ելույթի ժամանակ գլխին նկարված լինի հայոց եռագույնը։ Պայման էր դրված՝ կամ սափրում են գլուխը, կամ հրաժարվում են իր կատարումից։ Նոր «դաժան» տնօրենին երկար համոզելուց հետո երգչուհին հրաժարվեց կտրել մազերն ու մասնակցել Եվրատեսիլին։ Իսկ երբ պարզվեց, որ պայմանը «բլեֆ» էր, հուզված աղջնակը երկար լաց էր լինում։
Ի դեպ, ըստ «Մանկական եվրատեսիլի» կանոնների, բեմ բարձրացող երեխաները հաջորդող տարին մասնակցել չեն կարող. դա արվում է առավել շատ երեխաների այս մրցույթին մասնակցելու հնարավորություն տալու համար։ Նաև, արգելվում է բեմ բարձրանալ բարձրակրունկ կոշիկներով, վուլգար աքսեսուրարներով և կիսամերկ։










