Գերմանական պատվերով Մանսուրյանը Եղեռնին նվիրված «Ռեքվիեմ» է գրել

14:10 • 29.11.11

Տիգրան Մանսուրյանի՝ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմը» չորս համերգային ծրագրով ներկայացվել է Գերմանիայում և արժանացել գերմանացի խստապահանջ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

«Սա ինձ համար շատ կարևոր գործ էր, որովհետև դրա ստեղծման գաղափարն ինձ հետապնդում էր շուրջ 10 տարի: Երկար որոնումների արդյունքում ես կարողացա գտնել ձևաչափը, որով ճիշտ ներկայացրի թեման»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տիգրան Մանսուրյանը՝ ավելացնելով, որ ռեքվիեմը պատվիրել է Մյունխենի նվագախումբը և «Ռեաս» երգչախումբը: Ռեքվիեմը նվիրված է Եղեռնի զոհերի հիշատակին, որոնց թվում են եղել նաև կոմպոզիտորի հարազատները: «Այս գործով ես համադրել եմ անձնական ցավս և համամարդկային ցավը: Սա գերմանական պատվեր էր և կարևոր էր այնքանով, որ մեր համար ցավալի իրողությունը մեկ անգամ ևս ներկայացվեց միջազգային ասպարեզում»,- նշեց նա:

Խոսելով «Ռեքվիեմի» ստեղծման դժվարությունների մասին՝ Մանսուրյանն ընդգծեց, որ դա ծիսական գործ է, մի յուրահատուկ ներկայացում, որի բովանդակությունը ամեն անգամ պետք է ներկայացնել յուրովի: «Այս ռեքվիեմը ստեղծվել է հայկական հոգեբանությունն ու մտածելակերպը հաշվի առնելով: Երբ ես տեսա երգողներին, հասկացա՝ ինչ պիտի անեմ:

Նրանք այնքան նման էին աստավածաշնչյան մանրանկարներին: Ես ստեղծեցի լատիներեն լեզվով և հայկական երգեցողությամբ մի գործ: Հայկական երաժշտությունը այնպես էր միահուսվել լատիներեն լեզվի հետ, որ անգամ ես զարմացա»,- պատմեց կոմպոզիտորը՝ ավելացնելով, որ ըստ ամենայնի «Ռեքվիեմը» կշրջի ամբողջ աշխարհում, բայց, պայմանագրի համաձայն, հայ երաժիշտների կողմից Հայաստանում չի կարող կատարվել։

Հնարավոր է, սակայն, որ գերմանական երգչախումբը գա և երգի Հայաստանում: