Գրախանութները փակվում են, որովհետև այդ գործը եկամտաբեր չէ. մշակույթի նախարար
2012թ-ին Երևանը գրքի 12-րդ մայրաքաղաքն է լինելու։ Հ1 հեռուստատեսության «Հարցազրույց» ծրագրին հյուրընկալվելով՝ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն անդրադարձավ գրքի տոնի շեմին փակվող գրադարանների խնդրին. «Պետական քաղաքականության մեջ հակասություն չկա. անհատները ես կարծում եմ, որ պետք է լուրջ մտածեն։ Եվ կա երրորդ գործոնը, որի մասին մենք պիտի լրջորեն մտածենք. եթե այդ գործունեությունը եկամտաբեր չի, սպառման խնդիրը կա։ Մենք ինքներս գրախանութներից գիրք չենք գնում, հետո զարմանում ենք, որ գրախանութները փակվում են»։
Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է շուրջ 50 կետերում բացել գրավաճառ կետեր, որ կլինեն ոչ միայն տարածքներ, ուր գրքեր են վաճառվելու, այլև՝ ակտիվորեն միջոցառումներ են կազմակերպվելու։ «Եվ ես չեմ կիսում այն տեսակետը, որ գիրքը պետք է վաճառվի միայն գրախանութներում»,- ասաց նախարարը՝ բնական և ճիշտ համարելով անցումներում վաճառել գիրքը, ուր «այն ավելի մոտ է մարդկանց»։ «Այսօր մարդիկ ժամանակ չունեն, նաև գիրքը պետք է վաճառել այնտեղ, ուր մարդը կարող է այն գնել՝ ժամանակ խնայելով»,- ասաց նա։










