«ԱԳՆ շենքում» ևս երկու նախարարություն կա, իսկ գնորդը Էռնեկյանն է

16:21 • 04.10.12

ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքի գնորդը, ըստ էության, Էդուարդո Էռնեկյանն է։ Այս մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի պատասխանատու Գևորգ Աբրահամյանը։ Վերջինս հաստատեց, որ շենքի գնորդ հանդիսացող «Տանգո» ընկերությունը պատկանում է Էռնեկյանին։


Նշենք, որ ՀՀ Կառավարության այսօրվա որոշման մեջ նշվում էր, որ «Տանգո» ՓԲԸ-ն գործում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։


Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության այսօր որոշում ընդունեց ՀՀ ԱԳՆ շենքը 51.27 մլն դոլարով վաճառել «Տանգո» ընկերությանը և այդ գումարը գնորդ ընկերությունը պատրաստվում է մասամբ վճարել Վազգեն Սարգսյան փողոցի վրա Արդարադատության նախարարության շենքի նախկին տեղում կառուցվելիք շենքով, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2015թ. ամռանը։ Իսկ ԱԳՆ շենքը կծառայի որպես 5 աստղանի հյուրանոց։


Գևորգ Աբրահամյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե որ միջազգային հյուրանոցային որ բրենդը կհաստատվի այդտեղ։ Նշենք միայն, որ մամուլում շրջանառվում է աշխարհահռչակ Kempinski հյուրանոցային ցանցի անունը։


Նշենք, որ այսօրվա որոշմամբ նշված հասցեում գտնվող 14,242 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի արդյունքում կտեղափոխվի ոչ միայն ԱԳՆ-ն, այլև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների ու Տարածքային կառավարման նախարարությունները:


Այս մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ կառավարությանն առնընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:


Նա նշեց, որ այս երկու նախարարությունները ևս կտեղափոխվեն Արդարադատության նախարարության շենքում կառուցվող շենք:


«Մինչև այս նախարարությունները ապահովված չլինեն տարածքով, որևէ տեսակի ընդունման-հանձման աշխատանքներ չեն կարող իրականացվել»,-ասաց Արման Սահակյանը՝ հիշեցնելով, որ կառուցվելիք նախարարությունների շենքի ավարտի վերջնաժամկետը՝ 2015 հունիսի 30-ն է, իսկ տեղափոխումը նախատեսված է սեպտեմբերին:


Ի պատասխան հարցի, որ նշված հասցեում են գործում նաև «Նոյյան տապան», «Անի» գրախանութներն ու նկուղային հարկում գտնվող հայտնի «Արարատ» ռեստորանը, Կառավարությանն առնընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը նշեց, որ դրանք շատ վաղուց օտարված են և ունեն մասնավոր սեփականատերեր: Եվ , հետևաբար, կառավարության կողմից որևէ փոխհատուցման մասին խոսք չի կարող լինել:


Կախված նրանից՝տարածքի նոր սեփականատերը ցանկություն կհայտնի՞ գնել նաև գրախանութն ու ռեստորանը, կարող է բանակցել կամ չբանակցել սեփականատերերի հետ:


Կառավարության որոշման մեջ նշվում է նաև, որ վաճառողը պարտավորվում է մինչև գույքի հանձնումը ապահովել վարձակալության ժամկետը լրացած վարձակալներից գույքի փաստացի ազատումը, որի խախտման դեպքում գույքի հանձնումից հետո այդ վարձակալներից տարածքի ազատման ուղղված գնորդի բոլոր ծախսերը հաշվանցվում են գույքի վաճառքի գնից:


Նշվում է նաև, որ նշված շենքում գտնվող 789.4 քառ. մետր մակերեսով տարածքի օգտագործող «Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերությանը (մուտքը՝ Բուզանդի փողոցի կողմից) պետք է թույլատրել վարձակալության պայմանագրի հիմքով օգտագործումը մինչև 08.12.2015 թվականը:


Ի դեպ, Պետական գույքի կառավարման վարչության տարածած հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ վարչությունը առաջնորդվելով պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման սկզբունքներով և օրենքով իրեն վերապահված լիազորության շրջանակում, ստացված առաջարկությունները քննարկել և ներկայացրել է ՀՀ կառավարությանը: Առաջարկությունները կառավարությունում քննարկվել են ոչ միայն գնային գրավիչ հեռանկարի ակնկալիքով, այլև 1951թ. և 1955թ՝. երկու փուլով շահագործման հանձնված կառույցի շենքային պայմանների՝ վաղուց արդեն այնտեղ տեղակայված նախարարությունների և հատկապես ԱԳՆ ժամանակակից պահանջները չբավարարելու տեսանկյունից: Բացի այդ, տարածքներով ապահովված չեն Սփյուռքի նախարարությունը, Արդարադատության նախարարությունը: Այդ իսկ պատճառով կառավարությունում բազմիցս քննարկումներ են եղել նախարարություններին պատշաճ տարածքներով ապահովելու հարցի շուրջ:


Փաստորեն, նոր կառուցվելիք շենքում գործելու է առնվազն 4 նախարարություն՝ Արտաքին գործերի, Սփյուռքի, Էներգետիկայի և բնական պաշարների ու Տարածքային կառավարման։

 

«ԱԳՆ շենքում» ևս երկու նախարարություն կա, իսկ գնորդը Էռնեկյանն է