Եվրո-2016-ի ընտրական փուլի այսօր կայանալիք Պորտուգալիա – Հայաստան հանդիպումից առաջ armsport.am-ը զրուցել է մարզական լրագրողներից ոմանց հետ, ովքեր խաղի վերաբերյալ իրենց կարծիքը հայտնելուց զատ փորձել են նաեւ կռահել խաղի ելքը:
Սենիկ Կարա–Պողոսյան («Պրոֆֆուտբոլ»). «Եթե մեր նախորդ տարիների հավաքականին թույլ ու վատ օրերին հավատացել եմ, ապա ներկայիս ընտրանուց 10 անգամ ավելին եմ սպասում։ Համոզված եմ՝ հիանալի ենք խաղալու և մեր ելույթը դրական ավարտ է ունենալու։ Հաջողության հասնելու համար կարևոր է օգտագործել մրցակցի թույլ կողմերը և վնասվազերծել նրանց հարձակումից բխող վտանգները։ Մասնավորապես, պետք է օգուտ քաղել Բրունո Ալվեշի դանդաղկոտությունից (եթե նա իրոք մեկնարկային կազմում լինի), ինչպես նաև շատ ուշադիր լինել մեր պաշտպանության եզրերում։ Հարկավոր է, որ եզրային գծերի մոտ գործող ֆուտբոլիստներն անընդհատ փոխօգնության հասնեն միմյանց։
Պորտուգալացիները ձգտելու են արագ գոլ խփել։ Կարևոր է առաջին կես ժամում գոլ բաց չթողնել, քանզի դրանից հետո արդեն պորտուգալացիները կսկսեն նյարդայնանալ, իսկ մենք գիտենք, թե ինչ է պատահում, երբ նրանք սկսում են հավասարակշռված չխաղալ։
Միաժամանակ, պետք չէ մոռանալ, որ Պորտուգալիան աշխարհի լավագույն թիմերից մեկն է։ Թող մարդկանց մոլորության մեջ չգցի այն փաստը, որ նրանք Մունդիալում խմբից դուրս չեկան։ Վերջիվերջո նրանց կազմում է խաղում աշխարհի ներկայից լավագույն ֆուտբոլիստը, իսկ դա շատ բան է նշանակում։
Երեկ ուշադիր հետևել եմ մարզիչների ու ֆուտբոլիստների մամլո ասուլիսներին և կարող եմ ընդգծել Բեռնար Շալանդի հաղթական տրամադրվածությունն ու այն դրական աուրան, որը բխում էր նրանից։ Չեմ ցանկանում կոնկրետ հաշիվ գուշակել, բայց կասեմ, որ ակնկալում եմ մեր թիմի հաղթանակը. դրա համար բոլոր նախադրյալները կան»։
Սլավա Սարգսյան (Հանրային հեռուստաընկերություն). «Հայ երկրպագուները միշտ էլ ազգային հավաքականից հաղթանակ են սպասում: Դա կապված է այն բանի հետ, որ տղաները խաղադաշտում միշտ անմնացորդ նվիրումով են գործում: Առանց Հենրիխ Մխիթարյանի ու Յուրա Մովսիսյանի նախորդ խաղերում մեր հավաքականն ապացուցեց, որ ի զորու է հաջող գործել: Այժմ արդեն խաղալու ենք այդ առաջատար ֆուտբոլիստներով, ուստի սպասումները շատ ավելի մեծ են: Ճիշտ է՝ մրցակցի կազմում կա Ռոնալդու եւ էլի շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ, սակայն, ըստ իս, մեր ընտրանին հաջող է խաղալու: Ես կանխատեսում եմ 2:1 հաշիվ՝ հօգուտ Հայաստանի ազգային հավաքականի»:
Խաչիկ Չախոյան (Հ2 հեռուստաընկերություն). «Համոզված եմ, որ եկկողմանի բարդ հանդիպում է լինելու: Մեր հավաքականը խաղալու է Եվրոպայի ուժեղագույն ընտրանիներից մեկի դեմ: Ինչ խոսք, Ռոնալդուի ներկայությամբ եւ բացակայությամբ Պորտուգալիան ամբողջապես այլ հավաքական է, սակայն նրանից զատ էլ մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներ կան: Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանն էլ շարք են վերադարձել. այս ամենից բխում է այն, որ ծանր հանդիպում է լինելու երկու հավաքականների համար: Ես հավատում եմ մեր հավաքականի հաղթանակին եւ էական չէ այն կլինի 1:0, թե 2:1 հաշվով»:
Աշոտ Մարտիրոսյան («Ֆուտբոլ +»). «Հաշվի առնելով Պորտուգալիայի հավաքականի կարգը և աստղային ֆուտբոլիստների առկայությունը` ծանր խաղ է սպասվում։ Պետք է մեր թիմի տղաները հոգեբանորեն լավ պատրաստվեն և ամեն ինչ անեn առաջին 15–20 րոպեներին նրանց առաջադրած տեմպին դիմանալու համար, քանզի դրանից հետո ավելի հեշտ կլինի։ Բնականաբար մեր շանսերը քիչ են։ Պորտուգալիայի հավաքականը Ալբանիայի ընտրանուն սեփական հարկի տակ զիջելուց հետո ամեն ինչ կանեն ևս մեկ սայթաքում թույլ չտալու համար։
Եթե մեր թիմն իր խաղը ցուցադրի, պաշտպանությունում սխալներ չգործի և հարձակման գծում կարողանա ճիշտ օգտագործել Հենրիխ Մխիթարյանի և Յուրա Մովսիսյանի ուժեղ կողմերը, կարելի կլինի դրական արդյունք ակնկալել։ Ինչպես ասում են, «սատանան այդքան էլ վախենալու չէ, ինչպես պատկերացնում ենք»։ Ես ոչ–ոքի արդյունք եմ կանխատեսում»։