Ներկայացվեցին «Xocali.net» և «Azerichild.info» նախագծերի և «Հայատյացությունը Ադրբեջանում» գրքի անգլալեզու տարբերակները
ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» կողմից 2011-ին հիմնված «Xocali.net» և «Azerichild.info» նախագծերի, ինչպես նաև Արմինե Ադիբեկյանի և Անժելա Էլիբեգովայի հեղինակած «Հայատյացությունը Ադրբեջանում» գրքի անգլալեզու տարբերակների շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր։
Քաղաքական գիտությունների թեկնածու, նախագծերի համահեղինակ Անժելա Էլիբեգովան նշեց, որ անհրաժեշտություն էր զգացվում համալրելու անգլալեզու դաշտը, քանի որ ռուսալեզու տարբերակն արդեն գոյություն ուներ։
«Ունեինք արխիվային բազա, որը թարգմանեցինք, թարմացրեցինք ու փորձեցինք բոլոր նյութերը անգլալեզու լսարանի համար դարձնել ավելի մատչելի ու ընկալելի։ Ռուսալեզու տարբերակը հիմնականում արվում է Ադրբեջանի հասարակության համար և փորձում ենք նրանց համար մեր նյութերն ավելի մատչելի դարձնել, իսկ անգլալեզու տարբերակներն արդեն միջազգային հանրության համար են»,- ասաց նա։
Անժելա Էլիբեգովան վստահեցրեց, որ ներկայացվող նախագծերը համալրված են ոչ միայն արդեն գոյություն ունեցող նյութերի թարգմանություններով,այլ նաև նոր տեղեկատվությամբ։
«Տարեցտարի Ադրբեջանն օգտագործում է քարոզչական նոր հնարքներ, և մենք ակտիվ գործունեություն ենք ծավալում, մշակում հակազդման միջոցներ ու տեղադրում կայքերում։ Թարգմանված գիրքը, որը նաև ունի համացանցային տարբերակ, ներկայացվում է Ադրբեջանում տիրող իրավիճակը՝ կապված հայատյացության քարոզրության հետ։ Գիրքը պատմում է թե ինչ մթնոլորտ է տիրում Ադրբեջանում հայերի նկատմամաբ, ինչպես է ատելություն սերմանվում երեխաների մեջ հայերի նկատմամբ։ Ի դեպ, այս հայատյացության քարոզչությունը սկսվում է պաշտոնական ամենաբարձր մակարդակից ու հասնում մինչև մանկապարտեզ»,- ասաց նա և ընդգծեց, որ գրքում չկան վերլուծություններ, ներկայացված են զուտ փաստերը։
Այս երեք նախագծերի համահեղինակ Արմինե Ադիբեկյանն էլ նշեց, որ հավաքված տեղեկատվությունը սկսվում է 1992թ-ից։ Օրինակ xocali.net կայքում տեղադրված են այս տարիներին մամուլի բոլոր հրապարակումները ի դեպ, թե հայկական, թե՛ ադրբեջանական։ Վերջինիս հրապարակումները, ըստ նրա, էականորեն տարբերվում են այսօրվա հրապարակումներից։
«Azerichild.info կայքում տեղադրված են հայատյացություն պարունակող մանկական ուսումնական գրականություն, որտեղ հայերը ներկայացվում են հրեշների տեսքով, ինչից հասկանում ենք , որ մանկապարտեզից են սերմանում են հայատյացություն, մանկապարտեզից սովորեցնում են, որ հայերը մունդառ են՝ այսինքն կեղտոտ, տեռորիստ են և այլն։ Այսպիսով, մենք հասկանում ենք, որ Ադրբեջանում այսօր մեծացել է մի սերունդ, որի հետ կարող են մեր երեխաները առնչվել և խնդիրներ ունենալ»,- ասաց նա։
Ելույթ ունեցավ նաև «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը և նշեց, որ վերջին տասնամյակներին Ադրբեջանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ պետական քարոզչության աշխատանքի շնորհիվ մարդկանց գիտակցության մեջ ներդրվել է մի գերթշնամի՝ հայերը, որոնք մեղավոր են ադրբեջանում կատարվող ամեն ինչի համար։
«Ադրբեջանում չի թույլատրվում մտածել պետական քաղաքական գծից դուրս, մեծ սերնդից շատերը հասկանում են, որ իրականությունն այլ է, բայց նրանք լռում են, որովհետև չունեն այլ տարբերակ։ Երիտասարդների շրջանում իրավիճակն այնպիսին է, որ նրանց հետո հնարավոր չէ խոսել»,- ասաց նա։














