«Նախագահին խնդրում եմ թալանչիներին, մոնոպոլիստներին վերացնի, համաձայնության կառավարությունը դա է». Աշոտ Աղաբաբյան

16:03 • 06.08.16

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը հավատում է ազգային համաձայնության իշխանության ու կառավարության կայացմանը:

«Մեր երկրի նախագահը ինքը պատերազմ անցած մարդ է:  Ես իրեն համարում եմ ինձ մարտական ընկեր: Ես ընդամենը մի բան կարող եմ խնդրել, որ էս բոլոր թալանչիներին, գողացողներին, մոնոպոլիստներին վերացնի, վերջանա: Համաձայնության կառավարությունն էդ ա լինելու»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրապետականը:

Նրա խոսքով՝ չի կարող մի քաղաքական կամ պետական գործիչ ժողովրդի ձայնը չլսել:

«Էս մարդիկ չեն ուզում լսել ժողովրդի ձայնը: Ես, որպես իսկական ՀՀԿ-ական, ասում եմ էն ճշմարտությունը, որը էսօր պետք ա անել: Իշխանությունը ժողովրդական կլինի, համաձայնության կլինի, թե ինչ կլինի, թալանին վերջ ա պետք տալ: Էս մարդկանց անուններ են տալիս, ֆեյսբուքով մարդկանց կարիկատուրաներ են նկարում, թե ժողովրդի գլխին ինչ են բերում, էդ խունտա ա, էդ խունտային թող վերացնի ու վերջանա»,-ասաց պատգամավորը:

«Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը կարծում է, որ «խաբեության միջոցով ոմանց հարստանալն է այսօր ժողովրդին ոտքի հանում»:

«Դա արհամարհանք ա հայ ժողովրդի հանդեպ: Ժողովուրդը սոված էլ կապրի, բայց չի ուզում արհամարհվի»,-տեսակետ հայտնեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է վերջին պաշտոնանկություններին, Աղաբաբյանն ասաց. «Ես դրանք ոչ նայում եմ, ոչ էլ: Հրաման կատարողին ինչի՞ են գործից ազատում, հրաման տվողին ա պետք գործից ազատել: Իհարկե կատարողն էլ հրամանը յուրովի է պատկերացնում, փորձում է ավելի լավ անել, ավելի խիստ անել, որովհետև իր մտածողությունն էդքան ա, որ խիստը ժողովրդին ջարդելն է, անիմաստ ձերբակալություններն են: Տենց չի լինում: Մարդու անձը պիտի մաքուր լինի: Իրա հոգու մեջ ազգային արժեքներ պիտի լինեն, գիտակցությունը պիտի աշխատի մի ուղղությամբ, որ ինքն իրան խաբելու իրավունք չունի»:

ՀՀԿ-ական պատգամավորը դեմ է զինված ապստամբության կոչերին, քանի որ դրանով, ըստ նրա, առիթ կտանք թշնամուն ու կարծում է, որ հիմա է ժամանակը, երբ Ղարաբաղը պետք է միանա Հայաստանին: «Էսօր Ղարաբաղը անմիջապես պիտի որոշում կայացնի, մտնել Հայաստանի կազմի մեջ, Հայաստանն էլ ասի՝ պարոն ռուսներ, պարոն թուրքեր, պարոն ամերիկացիք, դուք Հայաստանի հետ գործ ունեք: Մենք սոված-ծարավ էլ կնստենք, բայց մեր պատիվը կպահենք, զոհ էլ կտանք, սոված էլ կմնանք, բայց մեր երկիրը կպահենք մեր գալիք սերունդների համար»,- ասաց ՀՀԿ-ականը:

 

 

 

«Նախագահին խնդրում եմ թալանչիներին, մոնոպոլիստներին վերացնի, համաձայնության կառավարությունը դա է». Աշոտ Աղաբաբյան