Ինչ խորհուրդ ուներ Նոր տարին նախկինում, և ինչ բախտագուշակություններ էին արվում. պատմում է ազգագրագետը
Ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հնում Ամանորը նշելու սովորույթներին, ասաց, որ ամանորյա արարողությունները համաժողովրդական բնույթ էին կրում և հասարակության բոլոր շերտերը հավասարապես մասնակցում էին:
«Հունվարի 1-6-ը համարվում էին պասի օրեր, դրա համար ամենատարածված ուտեստների մեջ գերակշռում էր չրեղենը՝ յոթ տեսակ, մրգեղենը՝ յոթ տեսակ, հատիկեղենը և պասին բնորոշ կերակուրները»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է յոթ թվի խորհրդին, ապա ազգագրագետն ասաց, որ դա, ըստ երևույթին, պայմանավորված է եղել աստվածությունների քանակով, նրանց պաշտամունքով: «Մինչև հիմա այդ թվերի վերջնական պարզաբանումը տրված չէ, և ես դա կապում եմ հեթանոսական աստվածությունների պաշտամունքի գաղափարի հետ»,-ասաց նա:
Ռաֆայել Նահապետյանն ասաց, որ Նոր տարվա խորհուրդն էր բնակավայրը մաքրելը, հարդարելը, նոր զգեստ կրելը, բախտագուշակությունը, ծիսական այցելությունները: Նա մի քանի բախտագուշակության օրինակ բերեց, ըստ որի, եթե կանայք խմորեղեն էին պատրաստում և այն ուռչում էր, ապա տարին երջանկաբեր կլիներ, իսկ եթե այն չէր ուռչում կամ թոնիրն էր ընկնում, նշանակում էր՝ անհաջողություն կլինի:
«Տան աղջիկները ձուն դնում էին թոնրի խուփի վրա՝ հնայի և ածուխի արանքում և եթե ձուն կարմրեր, ապա աղջկա բախտը կբացվեր այդ տարի: Թոնիրը պետք է վառ պահվեր մինչև Սուրբ Ծննդյան օրը, որից հետո ածուխը պետք է տանեին, հողի մեջ թաղեին, որ այդ տարի բերքն անկորուստ լիներ և կարկուտը չխփեր»,-ասաց նա:
Ազգագրագետն ասաց, որ Նոր տարվա գիշերը շատերը ուխտագնության էին գնում և ուղիղ կեսգիշերին պետք է լինեին հոսող աղբյուրի մոտ, ջուր լցնեին ամանները, քանի որ ակնկալվում էր, որ այդ պահի ջուրը ոսկեբեր է և բարիք է բերում տանը:
«Նոր տարուն, ով առաջինը դուռը բացեր և բարի մարդ լիներ, այդ դեպքում այդ ընտանիքի ամբողջ տարին անցնելու էր բարության և երջանկության մեջ։ Եթե այցելուն լիներ չարագուշակ մարդ, ով հարգանք չուներ, ապա այդ տարի նրանց համար լավ չէր լինի: Նախկինում տան տիկինները չէին մոռանում պատերին մեղր քսել, որ տարին երջանկաբեր լիներ, ընտանիքի անդամներին էին մեղր ուտացնում: Չէին մոռանում տարեհաց թխել և նրա մեջ դնել կոճակ կամ լոբի, և ում բաժին հասներ, այդ տարին նրա համար երջանիկ կլիներ: Երիտասարդ աղջիկներն իրենց բախտը որոշելու համար կտուրի վրա հացի կտորներ էին դնում, և ագռավները որ ուղղությամբ որ թռչում էին, այդ ուղղությամբ սպասվում էր փեսացուն»,-ասաց նա:
Նաֆայել Նահապետյանը նշեց, որ ամեն մի տոնական համալիր պայմանավորված է տվյալ դարաշրջանի սոցիալ-տնտեսական, քաղաքական և այլ իրողություններով. հին ժամանակներում վախ կար աստվածություններից, իսկ հիմա նման վախեր քանի որ չկան, այդպիսի սովորությունների բովանդակությունը կորում է:










