Հայտնաբերվել են 5-6-րդ դարերի եզակի նմուշներ, խաչքարեր ու արձանագրություններ. հնագետը՝ Վաճառի Սրբ Ստեփանոս դամբարանի պեղումների մասին (լուսանկարներ)
Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում արդեն շուրջ երկու շաբաթ է՝ Վաճառի Սուրբ Ստեփանոս դամբարանի (5-6-րդ դարեր) և վանքի (12-րդ դար) պեղումներ են իրականացվում: Tert.am-ի հետ զրույցում հնագետ, արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը նշեց, որ բավական հարուստ նյութ է պեղվել:
«Երեք տարի է՝ փորձում էինք հետազոտել Ստեփանոսի դամբարանը, որը Վաչագան բարեպաշտի ժամանակ է կառուցվել։ Շատ ունիկալ դամբարան է, որը 13-րդ դարում վերահայտնաբերել են, կողքը եկեղեցի ու մատուռ են կառուցել, նոր արձանագրություններով ու հետաքրքիր նյութերով համալրել»,-ասաց նա:
Ըստ Համլետ Պետրոսյանի՝ նյութերը բավական շատ են և չափազանց գեղեցիկ:
«5-6րդ դարերի եզակի նմուշներ ենք գտել՝ թևավոր խաչ է, վաղ քրիստոնեական կոթողի մնացորդներ, 12-13-րդ դարերի մի քանի տասնյակ խաչքարեր ու արձանագրություններ ենք բացել: Քանդակները շատ նուրբ ճաշակով են արված, թեև ընդհանրապես այդ ժամանակի մշակույթը առանձնահատկություն ունի, ինքը, թվում է, շատ խեղճ ու կրակ է, բայց բոլոր մանրամասները շատ ճաշակով են արված»,-ասաց նա:
Պետրոսյանը նշեց, թե Վաճառը Գանձասարից մի փոքր ներքև տեղակայված բնակավայր է եղել, որը 12-ից 13-րդ դարերում առևտրական խոշոր կենտրոն է եղել, և այդ պատճառով էլ կոչվել է Վաճառ: Իսկ սկզբնապես այս տարածքը Ջանջուռ է կոչվել, ով Խաբակյանների տոհմի հիմնադիրներից է:
«Դա այն տոհմն է, որը հետո կոչվեց Պռոշյան, տեղափոխվեց Հայաստանի կենտրոնական հատված, ովքեր էլ հետո կառուցեցին Գեղարդավանքը, և այլն»,-ասաց նա:
Իսկ Վաճառի Սուրբ Ստեփանոս վանքում բացել են արձանագրություն՝ Ջաջուռի որդի Գրիգորի կողմից թողնված, որտեղ գրված էր. «Հրամանաւ աստուածասէր իշխանին հասանա տեառն խաչինո ես Գրիգոր որդի քաջ զաւրականին Ջաջուռա»:
«Այստեղ երևում է, թե մեր մշակույթը ինչքան բազմազան է, տարաբնույթ և ուշագրավ»,-ասաց Պետրոսյանը և տեղեկացրեց, որ վանքը Գանձասարից 100 կմ է հեռու և մինչև Գանձասարի սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցին կառուցելը՝ փորձել են հենց Ստեփանոսը դարձնել հոգևոր կենտրոն:
«Թե ինչու են հետո փոշմանել, չգիտեմ... Այսինքն՝ բոլոր աշխուժացող հայկական տոհմերը փորձել են նախաքրիստոնեական սրբերին դարձնել իրենց հովանավոր, և այդ ճանապարհի սկզբին փորձել են դարձնել Ստեփանոսին, հետո ինչ-ինչ պատճառներով անցել են Հովհաննես Մկրտչին»,-ասաց նա:
Համլետ Պետրոսյանը նշեց, որ բոլոր պայմանները կան Արցախի նոր զբոսաշրջային կենտրոն դարձնելու համար:
«Ծմակահող գյուղում է, Գանձասար տանող մայրուղուց ընդամենը 1,5 կմ է հետո, չքնաղ բնություն ունի, և կարծում եմ` որոշակի ջանքերից հետո միանգամայն հնարավոր է տուրիստական այցելության նոր վայր դարձնել: Արդեն փորձեր են արվում հյուրանոց կառուցել, հյուրատուն ունեն, ավանդական ինչ-որ արտադրանքներ են վերականգնում, և շատ լավ տեղ է, գյուղում թանգարան են ուզում ստեղծել»,-ասաց նա:
Հնագետը նշեց, որ պեղումներն իրականացվում են իր, հնագետ Արմինե Գաբրիելյանի և ճարտարապետ Լիլիթ Մինասյանի կողմից, ովքեր դեռ 10 օր էլ կաշխատեն:


















