ՀԱՊԿ կանոնադրությունը կարող է փոփոխվել Հայաստանի առաջարկով. РБК

23:03 • 25.04.19

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի առաջիկա նիստում, որը կկայանա մայիսի 22-ին Բիշքեկում, կարող են համաձայնեցվել Հայաստանի առաջարկած փոփոխությունները կազմակերպության կանոնադրության հետ կապված: Այս մասին գրում է РБК-ն՝ վկայակոչելով կազմակերպության երկու երկրի դիվանագիտական աղբյուրներին:

Փոփոխությունների համաձայնեցումից հետո դրանք կներկայացվեն երկրների ղեկավարների հաստատմանը, որոնք կհավաքվեն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում, որը կկայանա աշնանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Հայաստանի առաջարկած կանոնադրական փոփոխությունները ենթադրում են գործող գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման ընթացակարգի սահմանում: Հայկական կողմի համաձայն՝ այդ պաշտոնը մինչև եռամյա մանդատի լրանալը պետք է զբաղեցնի այն երկրի ներկայացուցիչը, որից ռոտացիոն կարգով ընտրվել էր լիազորությունները վայր դրած անձը:

Մինչև 2020 թվականը ներկայում գլխավոր քարտուղարի ժամանակվոր պաշտոնակատարն է ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, այնուհետև պաշտոնավարումը կփոխանցվի Բելառուսին, ինչպես հայտնել են գործակալության զրուցակիցները:

«ՀԱՊԿ-ի նախարարական խորհրդի օրակարգը և ստորագրման ենթակա փաստաթղթերի փաթեթը ներկա պահին ձևավորվում է: Առավել ամբողջական տեղեկություն կներկայացնենք միջոցառման անցկացման մոտ օրերին», - РБК-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով կանոնադրության հնարավոր փոփոխության մասին հարցին:

2017 թվականի ապրիլից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Յուրի Խաչատուրովը, որի հետ կանչումից հետո ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Բելառուսի ներկայացուցիչը՝ որպես հաջորդն՝ ըստ այբբենական կարգի:

 

ՀԱՊԿ կանոնադրությունը կարող է փոփոխվել Հայաստանի առաջարկով. РБК