Բանակցային գործընթացում ձեռք բերածը կորցնելն ապաշնորհություն է, չէր կարելի նահանջել Վիեննայի և Պետերբուգի պայմանավորվածություններից. Ալեքսանդր Մանասյան (տեսանյութ)
Մեր իշխանություններին և ԱԳ նախարարին պետք է քննադատել ոչ թե Լավրովի ասածների, այլ իրենց չտրամադրած, թաքցրած տեղեկատվության համար: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել քաղաքագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը:
«Այն, ինչ քննարկվում է, մեկը կարող է ձևակերպել իբրև փաստաթուղթ, մյուսը՝ աշխատանքային առաջարկ, որը դեռևս փաստաթղթի տեսք չի ստացել: Այս կարգի բանակցություններում շատ կարևոր են հասկացությունները, բառերը: Թերևս, ինչ-որ բան կա, որը Մնացականյանի համար փաստաթուղթ չէ, բայց այն շրջանառության մեջ է դրված: Հայկական կողմն ասում է՝ եթե դուք սա բանակցություն եք համարում, ես չեմ համարում»,- ասել է քաղաքագետը:
Ըստ Մանասյանի՝ հայկական կողմի խնդիրը սեփական սխալները վերհանելն է, հասկանալը, թե ի՞նչ չենք անում. «Մնացականյանի հակադարձումից երևում է, որ հայկական կողմը որդեգրել է մի դիրքորոշում, որտեղ բանալի բառն «անվտանգությունն» է և ոչ թե «կարգավիճակը»: Խոսում են փախստականների վերադարձի մասին, իսկ ո՞վ է խոսելու Բաքվի քառորդ միլիոնանոց հայության խնդիրներից: Այսօր էլ ուշ չէ ներառել այս հարցը բանակցային օրակարգում»:
Քաղաքագետի կարծիքով՝ ամոթալի է, որ ԱԺ-ում Սումգայիթի ջարդերն առայսօր որպես ցեղասպանություն որակված չեն, թեև նման նախագծեր բերելու փորձեր արվել են:
«Մեր ազատագրված տարածքներն «անվտանգության գոտի» անվանելը մղում է մտածելու, որ դա մերը չէ, ընդամենը մեր անվտանգության համար ենք վերցրել: Իրականում դրանք մերն են իրավունքի ուժով: Երեսուն տարի է՝ չենք կարողանում ասել, որ մենք ԼՂ-ից դուրս չենք եկել, այսօրվա Արցախի տարածքը ԼՂ-ից դուրս չէ, այն ընդամենը դուրս է երբեմնի ԼՂԻՄ-ից»,- ասել է քաղաքագետը:
Ալեքսանդր Մանասյանի պնդմամբ՝ այսօր չկա աշխատանքային կապ մեր արտաքին քաղաքական ուղեգիծը որոշողների և գիտական, փորձագիտական հանրույթի միջև, իշխանությունը չի կարողանում պատվեր ձևակերպել. «Անվտանգության գոտի» ձևակերպումն իր մեջ վտանգներ է պարունակում, դրանով բազմաթիվ իրավական ու պատմական փաստեր են դեն շպրտվում: Վիեննայում և Պետերբուրգում ընդունված պայմանավորվածությունների մասին մոռացել ենք: Կոնֆլիկտներն, ի վերջո, ունեն ներքին դինամիկա, ձեռք բերված ամեն հաջողությանը պետք է տեր կանգնել»:
Քաղաքագետի կարծիքով՝ բանակցային գործընթացում ձեռք բերածը կորցնելն ապաշնորհություն է, չէր կարելի ընդդիմախոսի ճնշման տակ նահանջել երբեմնի բանակցային դիրքերից:
«Հակամարտության վերջնական լուծումը երեք կողմերի ժողովուրդների համար ընդունելու լինելու մասին թեզը նոր չէ, դեռևս 1992-ին այս մասին խոսել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը»,- ասել է Մանասյանը՝ հավելելով. «Միջնորդները չեն սիրում ո՛չ իրավական, ո՛չ պատմական փաստարկներ: Նրանք ուզում են այն, ինչն իրենց է ձեռնտու, ուզում են ազատված լինել գլխացավանքից: Բայց եթե մենք ունենք միջազգային իրավունքի տեսակետից անխոցելի փաստեր, պետք է բարձրաձայնենք դրանք»:
Դավիթ Սարգսյան










