Իտալիայում հետաքննություն է սկսվել АstraZeneca պատվաստանյութի ներարկումից հետո արձանագրված մահվան 8 դեպքի առնչությամբ  

15:40 • 16.03.21

Իտալիայում բրիտանաշվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութի կիրառումից հետո մահվան 8 և ինքնազգացողության կտրուկ վատթարացման 4 կասկածելի դեպք է գրանցվել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իտալիայի դեղամիջոցների վերահսկման գործակալության գլխավոր տնօրեն Նիկոլա Մագրինին:

«Դեպքերից մի քանիսը տեղի են ունեցել ներարկումից մի քանի օր անց: Քանի որ քննչական ստուգումներ են իրականացվում, ժամկետները ձգձգվում են, և մենք փաստաթղթերի ու տեղեկությունների անհապաղ հավաք ենք հայտարարել»,- ասել է մասնագետը:

Միևնույն ժամանակ Մագրինին ընդգծել է, որ դեղամիջոցը անվտանգ է, և առաջին չափաբաժինը ստացած անձանց պետք չէ ոչինչ նախաձեռնել՝ միայն հետևել ինքնազգացողությանը:  

Նրա խոսքով՝ դեղամիջոցի կիրառումը դադարեցնելու որոշում է կայացվել, քանի որ մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում՝ Գերմանիան և Ֆրանսիան, նախընտրել են դադարեցնել պատվաստման գործընթացը վերջերս արձանագրված առանձին անցանկալի դեպքերի ֆոնին և առաջարկել են ընդմիջել՝ ստուգումներ իրականացնելու համար:

Իտալիայի պատվաստման ազգային ծրագրի համաձայն՝ ամռանը երկրում օրական 20 մլն չափաբաժին պատվաստանյութ հասանելի կլինի:

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3,2 մլն-ը, մահացածներինը՝ 102 հազարը:

Հիշեցնենք, որ տասնյակ երկրներ արդեն դադարեցրել են AstraZeneca-ի դեղամիջոցի օգտագործումը՝ պայամանվորված արյան մակարդելիության հետ կապված խնդիրների և ոմանց մոտ թրոմբոզի առաջացման հետ: