ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի կողմից լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա հարձակման մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկում է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու

19:02 • 18.03.21

ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի կողմից այսօր՝ մարտի 18-ին, սրճարանում լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա հարձակման մասին հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկում է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա:

«Ես մոտեցա որպեսզի նախարարից ճշտեմ՝ ինչո՞ւ է նա աշխատանքային ժամին սրճարանում, իսկ դրանից րոպեներ անց նախարար Հակոբ Արշակյանը հարձակվեց ինձ վրա:

Դեպքը տեղի է ունեցել Երևանի գործող սրճարաններից մեկում, երբ ես տեսա՝ ինչպես է նախարարը աշխատանքային ժամը անցկացնում սրճարանում, մոտեցել եմ և հարցրել՝ ինչո՞ւ է նա աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում»,-հայտնեց լրագրողը:

Ավելի ուշ Mediaport թելեգրամյան ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ԲՏԱ նախարարը հարձակվում լրագրողի վրա։