«Արշակյան ջան, լավ ես արել». ՔՊ անդամ Սարգիս Ալեքսանյանը սոցցանցի իր էջում հայհոյել է ՄԻՊ-ին՝ լրագրող Փայլակ Ֆահրադյանին աջակցություն ցուցաբերելու համար

14:03 • 19.03.21

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Սարգիս Ալեքսանյանը սոցցանցի իր էջում հայհոյել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ լրագրող Փայլակ Ֆահրադյանին աջակցություն ցուցաբերելու համար:

Ալեքսանյանը իր գրառման մեջ նշել է նաև. «Արշակյան ջան, լավ ես արել»:

Նշենք, որ վերոնշյալ գրառումը հավանել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ երեկ լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա:

«Ես մոտեցա որպեսզի նախարարից ճշտեմ՝ ինչո՞ւ է նա աշխատանքային ժամին սրճարանում, իսկ դրանից րոպեներ անց նախարար Հակոբ Արշակյանը հարձակվեց ինձ վրա:

Դեպքը տեղի է ունեցել Երևանի գործող սրճարաններից մեկում, երբ ես տեսա՝ ինչպես է նախարարը աշխատանքային ժամը անցկացնում սրճարանում, մոտեցել եմ և հարցրել՝ ինչո՞ւ է նա աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում»,-հայտնել էր լրագրողը:

Ավելի ուշ հրապարակվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հարձակվում լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա, մի քանի անգամ բռունքներով հարվածում նրա դեմքին և վնասում համակարգիչը։ 

Վերոնշյալի վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր՝ որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը, առավել ևս՝ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից:

Իր հերթին ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ ներողություն է խնդրում միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից և պատրաստ է պատասխանատվություն կրել: