Իմքայլական Սուրեն Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են

13:25 • 05.04.21

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սուրեն Գրիգորյանի պատգամավորի լիազորությունները դադարեցված են: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձանագրություն է ստորագրել:

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները», - նշված է ԱԺ նախագահի արձանագրության մեջ:

Նշենք, որ Սուրեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավորական գործունեության դադարեցման մասին։

«Երևի ենթադրվում է, որ երկար տեքստ պետք է գրեմ՝ ամփոփելով շուրջ երկու տարվա պատգամավորական գործունեությունս, փոխարենը ուղղակի կարճ ասեմ, թե ինչ եզրահանգման եկա այս երկու տարում։

Խորապես համոզված եմ, որ մեր պետության հաջողության գրավականն է միմյանց նկատմամբ սեր տածող, ներողամիտ, ուրիշի սխալը սեփական ջանքով ուղղելուն ունակ և աշխատանքի մշակույթ ունեցող հանրություն ունենալը։

Մնացածը, որքան էլ ավելի կարևոր թվա, երկրորդական է»,-գրե; է Գրիգորյանը:

Նշենք, որ մարտի 29-ին Գրիգորյանը հայտնել էր, որ մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել: Ըստ մամուլի հրապարակումների, Սուրեն Գրիգորյանը նշանակվելու է ՀՀ արդարադատության փոխնախարար: