Չեմ ուզում ոչ ոքի մեղադրել, բայց պարզ է, որ անփութություն կա, հոսանքի լարերը լավը չեն. փոխհատուցման հույսեր չկան. «Սուրմալու» առևտրի կենտրոնի տաղավարի սեփականատերը՝ բռնկված հրդեհի մասին (տեսանյութ)

11:53 • 06.04.21

Չեմ ուզում ոչ ոքի մեղադրել, բայց պարզ է, որ անփութություն կա, հոսանքի լարերը լավը չեն, տանիքները փայտից են, հակահրդեհային կանոնները պահպանված չեն եղել: Ուրիշի խանութը վառվել է, կրակը մեզ մոտ է հասել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Սուրմալու» առևտրի կենտրոնում տաղավարի սեփականատեր Գագիկ Սիմոնյանը՝ խոսելով գիշերը բռնկված հրդեհի մասին:

Նա նշեց, որ տնօրինությունից ոչ ոք իրենց հետ չի խոսել կատարվածի մասին: «Տնօրինությունից ոչ ոք մեզ հետ չի կապվել: Մենք փորձել ենք կապ հաստատել նրանց հետ, ասել են՝ շոկի մեջ ենք, թողեք մենք էլ խելքի գանք, հանգստանանք, հետո ձեզ հետ կխոսենք: Նրանց այստեղ չեմ տեսել դեռ, երևի, իրենց կաբինետներում են»:

Տաղավարի տերը նշեց, որ ըստ իրենց տեղեկությունների՝ հրդեհի մասին ուշ են ահազանգել ԱԻՆ, սակայն, ոչինչ փրկել հնարավոր չի եղել:

«Այս շենքում ամենամեծ խնդիրը էլեկտրականությունն է, այնտեղ հոսանքի շիթ կա, հոսանքի շիթից էլ բոցը տարածվել է: Ամեն մեկը մի տարբերակ է ասում, բայց քրեական գործի արդյունքում ամեն ինչ պարզ կլինի: Այդ հոսանքի պատճառով բազմաթիվ խնդիրներ ենք ունեցել, պարբերաբար հրդեհներ են եղել, լարեր են փոխել: Փոխհատուցման մասին դեռ չենք խոսել, հույսեր չկան, բայց պետք է փորձենք խոսել»,-ասաց նա և հավելեց, որ ըստ տեղեկությունների, հրդեհից մոտ 40 տաղավար վնասվել է:

Մանրամասները՝ տեսանյութում։