ԳՇ պետը ասում է, որ գերիների և անհետ կորածների հարցը իր իրավասությունների տակ չէ, որևէ լուծում չի կարող գտնել. ՊՆ-ում հանդիպմանը մասնակցած քաղաքացի

21:34 • 09.04.21

Արտակ Դավթյանի հետ հանդիպած քաղաքացիները նշում են՝ ԳՇ պետը չի տիրապետում իրավիճակին։

Պաշտպանության նախարարություն ներս մտած ծնողները լրագրողների հետ զրույցում նշեցին՝ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը բացարձակապես չի տիրապետում իրավիճակին, իսկ ՊՆ նախարարը անգամ ներկա չի եղել հանդիպմանը:

«Գլխավոր շտաբի պետը ասում է, որ տվյալ գործը իր իրավասությունների տակ չէ, որևէ հարցի լուծում չի կարող գտնել, ընդամենը այդքանը: Ակնկալիքներ չկան, տպավորությունը նույնն է, ինչ լրագրողներին դիմեմ այս հարցով, ինչ ԳՇ պետին: Ասում են՝ աշխատում ենք, աշխատում ենք, բայց չենք հասկանում՝ ինչի վրա»,- ասաց ՊՆ շենքի մոտ ակցիա իրականացնող քաղաքացին:

Քաղաքացին նշեց՝ վիճակը անհասկանալի է, իսկ գերիների և անհայտ կորածների հարցը օդում կախված է:

Հիշեցնենք՝ անհայտ կորածների ու գերիների հարազատները 2 օր անընդմեջ շրջափակել էին ՀՀ պաշտպանության նախարարության բոլոր մուտքերը: Արտակ Դավթյանի հետ հանդիպումից հետո գերիների և անհետ կորածների հարազատները բացեցին ՊՆ-ի մուտքերը: