Արթուր Դանիելյանի գործով դատական առաջին նիստը հետաձգվեց՝ մեղադրող կողմի չներկայանալու պատճառով (տեսանյութ)

15:47 • 28.04.21

16։32

Ինձ զանգեցին դատավորի աշխատակազմից և ասացին, որ դատախազը դիմում է ներկայացրել՝ մեկ այլ գործով զբաղված լինելու պատճառով չի կարող ներկայանալ: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս գործով դա չի կարող լինել պատահականություն. դատարանի բակում լրագրողներ հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Փաստաբանը նշեց, որ տուժող կողմը չի ներկայացել նիստին: Աթանեսյանի խոսքով՝ Արթուր Դանիելյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։



15։47

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկում է «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի գործով դատական նիստը:

Նրան մեղադրանք է առաջադրված խուլիգանության հատկանիշներով՝ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը սահմանում է՝ խուլիգանություն, որը  զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:

Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ըստ մեղադրանքի համառոտ նկարագրի՝ Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ նա դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով անձի նկատմամբ, կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով։

Արթուր Դանիելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրություն չհեռանալու մասին:

Նշենք, որ գործն առնչվում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպին, որի վերաբերյալ պարզաբանում էր տվել Ալեն Սիմոնյանը և հայտնել. «Ի պատասխան իմ հասցեին հնչեցված հայհոյանքին՝ գլխով ջարդել եմ Արթուր Դանիելյանի քիթը»: