Մալդիվների նախկին նախագահի դեմ մահափորձի առնչությամբ 2 անձ է ձերբակալվել

14:38 • 08.05.21

Մահափորձից հետո Մալդիվների նախկին նախագահ Մուհամեդ Նաշիդը հայտնել է, որ իր առողջական վիճակը լավ է: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

«Ես լավ եմ», - նախկին նախագահի քույրն իր թվիթերյան էջում մեջբերել է Նաշիդի խոսքը։ Հայտնի է, որ Նաշիդն այժմ ինքնուրույն է շնչում։

Ոստիկանությունը հայտնել է, որ մահափորձը կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվել։

Նաշիդը Մալդիվների առաջին նախագահն է, որն ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով։ Նա իսլամական ծայրահեղականության բացահայտ քննադատ է և կարևոր դեր է խաղացել ընդդիմության առաջնորդների հասցեին հնչած մեղադրանքների հետաքննության գործում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Մալդիվներում նախկին նախագահ և խորհրդարանի գործող խոսնակ Մուհամեդ Նաշիդի դեմ մահափորձ էր կատարվել։ Անհայտ անձինք պայթուցիկներ են տեղադրել նրա տան մոտ: Նաշիդը պայթյունի հետևանքով վիրավորվել է այն ժամանակ, երբ պատրաստվել է մեքենա նստել։

Նաշիդը 53 տարեկան է։ Նա Մալդիվների նախագահ է ընտրվել 2008 թվականին և պաշտոնը թողել 2012 թվականին:

Մալդիվների նախկին նախագահի դեմ մահափորձի առնչությամբ 2 անձ է ձերբակալվել