Տավուշի մարզում կան ադրբեջանական հողեր՝ Բարխուդարլու, Սոֆուլու, Խեյրիմլի, Ոսկեպար. իմքայլական պատգամավոր Վահե Ղալումյան (տեսանյութ)

17:23 • 24.05.21

Մամուլում գոյություն ունեցող փաստաթղթում չեմ հանդիպել գյուղերը հանձնելու մասին կետերի: Հավելվածի մասով  համոզվա՞ծ եք, ես այդ մասին չեմ կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել, որովհետև փաստաթուղթն ինձ չէ ուղված, դրա մասին այնքան գիտեմ, որքանով, որ դուք գիտեք: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը:

Հարցին, թե արդյոք Ղալումյանը տեղեկություններ ունի՞ Տավուշի մարզից գյուղեր հանձնելու մասին, վերջինս պատասխանեց. «Ո՞ր գյուղերի, օրինա՞կ. նման տեղեկություններ չունեմ: Եթե չեմ սխալվում, փաստաթուղթն ամբողջական տարբերակն է և նման բան այնտեղ չկա: Հանձնաժողովը պետք է որոշի, թե հետագայում ինչ կանի, այդ փաստաթղթով հանձնաժողով է ստեղծվելու, որպեսզի սահմանային խնդիրներ ուսումնասիրի և լուծում տա»,-ասաց նա և չբացառեց, որ հակառակորդը կարող է ստորագրել մի փաստաթուղթ, որը հարյուր տոկոսով հայկական շահերից է բխում:

Ղալումյանի խոսքով՝ Տավուշում կան ադրբեջանական հողեր, որոնք գտնվում են հայկական տիրապետության տակ և կան տարածքներ, որոնք ադրբեջանական հսկողության տակ են:  «Բարխուդարլու, Սոֆուլու, Խեյրիմլի, Ոսկեպար, սա ինձ համար չէ, քարտեզով սրանք ադրբեջանական տարածքներ են: Ես ուրիշ քարտեզ չունեմ, դուք ունե՞ք, այդ գյուղերը գնացե՞լ եք, տեսե՞լ եք, և՞, միգուցե հանձնաժողովը եզրակածություն տա, որ հայկական են»:

Դիտարկմանը, թե ինչու ենք թշնամու հետ գնում նոր փաստաթղթի ստորագրման, երբ դեռ անգամ մեր գերիները չեն վերադարձվել, վերջինս շեշտեց՝ պետք է բանակցեն և դիտարկմանը, թե միայն պետք է գլխիկոր բանակցել՝ պատգամավորն արձագանքեց.  «Գլխիկոր դուք եք բանակցում, մենք գլխիկոր չենք բանակցում: Պետք է բանակցենք, որ Հայաստան եկած ադրբեջանական ԶՈՒ-ն դուրս գա: Մինչև հիմա կռվել ենք, հիմա պիտի բանակցենք, որ հասկանանք»:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տավուշի մարզում կան ադրբեջանական հողեր՝ Բարխուդարլու, Սոֆուլու, Խեյրիմլի, Ոսկեպար. իմքայլական պատգամավոր Վահե Ղալումյան (տեսանյութ)