«Ընտրությունների սիրտը մրցակցությունն է, երբ այն հեռացնում ես, դիակ է դառնում». Ռոհանին Ալի Խամենեիին խնդրել է ավելի մեծ «մրցակցություն» ապահովել նախագահական ընտրություններում
Իրանի նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի հայտարարել է, որ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին խնդրել է ավելի մեծ «մրցակցություն» ապահովել հունիսին կայանալիք նախագահական ընտրություններում:
Ինչպես գրում է France 24-ը, Ռոհանին նման խնդրանքով դիմել է նախագահական ընտրութունների հաստատված թեկնածուների անունների հրապարակումից հետո` նշելով, որ մի շարք խոստումնալից թեկնածուներ զրկվել են պայքարին մասնակցելու հնարավորությունից:
«Ընտրությունների սիրտը մրցակցությունն է: Երբ այն հեռացնում ես, այն դիակ է դառնում: Երեկ ես նամակ եմ ուղղել գերագույն հոգևոր առաջնորդին իմ մտորումների մասին` տեսնելու՝ ինչով կարող է նա օգնել այս հարցում»,- ասել է իրանցի նախագահը կառավարության անդամների հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստաընկերությունը նախօրեին հայտնել էր, որ հաստատվել են հունիսի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների անուները. 590 դիմումից ընդունվել է 7-ը։










