Ամեն ինչ անելու եմ, որ Նիկոլը և «նիկոլականությունը» հունիսի 20-ին փակեն իրենց վերջին էջը. Զոհրաբյան (տեսանյութ)

12:27 • 27.05.21

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ այսօր սպասվում է արտահերթ նիստ և ընդգծեց՝ առանձնապես մեծ սպասումներ չկան:

«Այսօր կցանկանամ, որ Նիկոլ Փաշինյանը չգա արտահերթ նիստին, և ես առաջարկել եմ նրան չհրավիրել, քանի որ Նիկոլ Փաշինյանն օգտագործելու է ցանկացած հարթակ, որ ամեն ինչից խոսի, բացի բուն խնդրից, և ես առաջարկել եմ, որ գան կոնկրետ այս իրավիճակի համար պատասխանատուները՝ պաշտպանության նախարար, ԳՇ պետ, կորպուսի հրամանատարներ, բայց ոչ Նիկոլ Փաշինյանը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա նաև նշեց՝ այսօր մենք չունենք արժանապատիվ բանակցող և հիմնական խնդիրն այս պահին դա է, և երբ Հայաստանը կունենա արժանապատիվ բանակցող, երկրում առկա խնդիրները լուծվելու են:

«Հայաստանում այլևս իշխանություն չկա, Հայաստանում կա մեկ մոլագար պոպուլիստ, որը այսօր Հայաստանի ազգային անվտանգության, Հայաստանի տարածքային ամբողջությանը վտանգ  է ներկայացնում: Տեսնելով ՔՊ-ի կարգախոսը, որ կա ապագա, ես ուղղակի զարհուրում եմ այն ապագայից, որը կարող է լինել Նիկոլ Փաշինյանի հետ: Ամեն ինչ անելու եմ, որ Նիկոլը և «նիկոլականությունը» հունիսի 20-ին փակեն իրենց վերջին էջը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա նաև անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հայտարարությանը:

«Վահե Ղալումյանի նշած գյուղերը հանձնելով՝ մենք պետք է հասկանանք, որ դրանք մեր անվտանգության գոտին են, և եթե հանձնվեն Վահե Ղալումյանի ասելով դժգույն, տխուր, փլված այդ գյուղերը, եթե հանձնվի Տիգրանաշենը, որի վերաբերյալ խոսակցությունները ահագնանում են, ապա մենք Ջերմուկ պետք է գնանք Ադրբեջանի տարածքով»,- նշեց նա:

Անկախ պատգամավորը նաև անդրադարձ կատարեց հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիային և դեմիլիտացիային:

«Եթե խոսքը Ալիևի գծած 75 թվականի Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Հայաստանի քարտեզով տարբերակն անընդունելի է, ավելին` ես կարծում եմ, որ այս պահին դեմարկացիա և դեմիլիտացիայի մասին խոսելը վաղ է և պետք է լինի ընդամենը շփման գծի ճշգրտում և ոչ ավելին, քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը լուծված չէ»,- հավելեց պատգամավորը:

Ամեն ինչ անելու եմ, որ Նիկոլը և «նիկոլականությունը» հունիսի 20-ին փակեն իրենց վերջին էջը. Զոհրաբյան (տեսանյութ)