«Ծիծաղելի է կարծել, որ վիրուսը կենդանիներից է մարդկանց փոխանցվել»․ կորոնավիրուսի ծագման հետաքննությամբ զբաղվող Պետդեպի ներկայացուցիչ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք կորոնավիրուսի ծագման հետաքննությամբ զբաղվող Պետդեպի ներկայացուցիչը հայտարարել է՝ «ծիծաղելի է կարծել, որ վիրուսը կենդանիներից է մարդկանց փոխանցվել»։
«Մենք հայտնաբերել ենք, որ չնայած մեր գիտական հանրության, այդ թվում՝ ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչիի հայտարարություններին, գրեթե ապացույցներ չկան այն մասին, որ COVID-19-ը կենդանիների միջոցով է փոխանցվել»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է կորոնավիրուսի ծագման հետաքննությամբ զբաղվող Պետդեպարտամենտի թիմի նախկին ղեկավար Դևիդ Աշերը՝ այդ տեսությունը որակելով «ծիծաղելի»։
Նա նաև նշել է, որ հետաքննության ընթացքում պարզ է դարձել, որ կորոնավիրուսը բռնկվել է «ինչ-որ լաբորատորիայից կամ գերբնական աղբյուրից»։
Հետաքննությունը, որը 2020-ին սկսվել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի նախաձեռնությամբ, դադարեցվել է այս տարվա սկզբին՝ նախագահական ընտրություններում հաղթած Ջո Բայդենի երդմնակալության արարողությունից հետո։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդագրություն էր տարածել, որում մեջբերվում էր Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ ԱՄՆ հետախուզական հանրությունը «վիրուսի ծագման շուրջ միավորվել է երկու հավանական սցենարների շուրջ, այդ թվում՝ վիրուսաբանության ինստիտուտից արտահոսքի, սակայն վերջնական եզրակացության չի եկել»։
Նշենք, որ Դոնալդ Թրամփը Newsmax-ին վերջերս տված հարցազրույցում հայտարարել էր, որ «խելացի մարդկանց համար ի սկզբանե պարզ էր», որ կորոնավիրուսը տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի վիրուսաբանության ինստիտուտից։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտին հրապարակել է COVID-19-ի ծագումը պարզելու համար Ուհան քաղաք այցելած իր փորձագետների միջազգային խմբի զեկույցի ամբողջական տարբերակը: Փաստաթղթում վիրուսաբանության ինստիտուտից կորոնավիրուսի արտահոսքն անվանել են «քիչ հավանական»։ Զեկույցում նշվում է, որ նոր տեսակի կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, մարդուն փոխանցվել է չղջիկների միջոցով։
Զեկույցի հրապարակումից հետո ԱՄՆ-ն և ևս 13 պետություններ համատեղ հայտարարություն են հրապարակել՝ կոչ անելով COVID-19-ի ծագման «թափանցիկ և անկախ» հետաքննություն անցկացնել։










