Դա մեծ բեռ է մեզ համար. չինացիները երեխա ունենալու թույլտվության մասին որոշումը «թանկ հաճույք» են անվանել
Չինաստանի կառավարության՝ երեք երեխա ունենալու թույլտվության մասին որոշումը հանկարծակիի է բերել ոչ միայն օտարերկրացիներին, այլև հենց Չինաստանի քաղաքացիներին, գրում է The Guardian պարբերականը, որը երկրի կառավարության հիշյալ որոշման ֆոնին զրուցել է չինացի զույգերի հետ, լսել նրանց մտահոգությունները։

Պարբերականի զրուցակիցներ Ջիա Շիկուն և Հու Սաունչենին, որոնք ապրում են Սիան քաղաքում և 1,5 տարեկան դուստր ունեն, հայտնել են․ «Մեր ծնողներն ապրում էին իրենց երեխաների համար, մենք ապրում ենք մեզ համար»։
«Այդ լուրը լսելով՝ իմ գործընկերները կատակեցին, որ եթե կառավարությունը մեզ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանով չապահովի, այդ քաղաքականությունը մեզ չի հետաքրքրում։
Այստեղ զույգերը, հատկապես կանայք, մեր օրերում քիչ են ցանկանում ծննդաբերել: Պատճառն այն է, որ ժամանակակից հասարակության մեջ ճնշումը չափազանց մեծ է։ Ծննդաբերությունից հետո քիչ հավանական է անմիջապես վերադառնալ աշխատանքի, քանի որ պետք է երեխայի խնամքով զբաղվել։ Որքան շատ երեխաներ ունես, այնքան ավելի շատ ես զոհաբերում կարիերադ։ Կարճ ասած՝ իմ սերունդը շատ տարբեր է իմ ծնողների սերնդից. իմ ծնողների սերունդն ապրում էր իր երեխաների համար, բայց իմ սերունդն ապրում է իր համար»,- ասել է Ջիա Շիկուն։

Պարբերականի մյուս զրուցակիցները՝ 33-ամյա Վան Չժենյուն և նրա կինը՝ 26-ամյա Միոա Դունան, նունպես ընդգծել են, որ այդ որոշումն արդյունավետ կարող է լինել միայն այն ժամանակ, երբ «կառավարությունը երիտասարդ ընտանիքիներին սոցիալական աջակցություն տրամադրի և միջոցներ ձեռնարկի աշխատավայրում կանանց նկատմամբ խտրականության վերացման ուղղությամբ»։
«Մեր օրերում շատ քիչ մարդիկ կան, որոնք ցանկանում են երկուսից ավելի երեխա ունենալ․ երիտասարդ զույգերի համար դա թանկ հաճույք է։ Երեխային մեծացնելը շատ ծանր բեռ է, էլ չեմ խոսում 3 երեխաների մասին:
Բայց, կարծում եմ, այսօրվա որոշումն ազդանշան է այն մասին, որ կառավարությունը մտահոգված է այս օրերին ժողովրդագրական միտումներով։ Սա մեծ մարտահրավեր է մեր երկրի համար»,- ասել է Չժենյուն։

The Guardian-ը զրուցել է նաև 34-ամյա հաղորդավարուհի Գլորիա Այի հետ, որի խոսքով՝ «միայնակ մեծանալով միշտ երազել է մեծ ընտանիք ունենալու մասին»։
«Քանի որ ես ֆինանսապես ապահովված եմ, կարող եմ մեծ ընտանիք ունենալ։ Դա արտոնություն է»,- հայտնել է նա՝ ընդգծելով, որ ֆինանսապես անկայուն նորաստեղծ ընտանիքների համար 3 երեխա մեծացնելը կարող է մարտահրավեր լինել։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Չինաստանը հրապարակել էր երկրում տասը տարին մեկ անցկացվող մարդահամարի տվյալները, որոնց համաձայն՝ 2021 թվականին երկրի բնակչությունը կազմում է 1,411 մլրդ մարդ: Ի դեպ, ստացված ցուցանիշը 2016-ին արված կանխատեսումների ցուցանիշից պակաս է եղել: Մասնագետները կանխատեսում էին, որ երկրի բնակչությունը կգերազանցեր 1,42 մլրդ-ը:
1979-2015 թվականներին Չինաստանում այլ ժողովրդագրական քաղաքականություն էր վարվում: Ընտանիքներին թույլատրվում էր միայն մեկ երեխա ունենալ:










