ԵՄ երկրները ճնշում են գործադրում Դանիայի և ԱՄՆ-ի վրա՝ եվրոպացի քաղաքական գործիչներին լրտեսելու մասին լուրերի ֆոնին

11:35 • 01.06.21

Եվրոպական պետությունները ճնշում են գործադրում Դանիայի և Միացյալ Նահանգների վրա՝ համագործակցաբար ԵՄ երկրների քաղաքական գործիչներին, այդ թվում՝ Գերմանիայի կանցլերին, լրտեսելու մասին լուրերի ֆոնին, հայտնում է BBC լրատվականը։

Դանիայի պաշտպանության նախարար Տրինե Բրամսենը ո՛չ հաստատել է այդ լուրը, ո՛չ էլ հերքել․ ենթադրյալ լրտեսության ժամանակահատվածում նախարարությունը նա չի ղեկավարել։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ խոսելուց հետո, ասել է․ «Սա անընդունելի է դաշնակիցների, առավել ևս դաշնակիցների և եվրոպացի գործընկերների միջև»։ Մերկելը, իր հերթին, նշել է, որ համամիտ է Մակրոնի հետ։

«Անթույլատրելի է, որ դաշնակցային սերտ համագործակցություն ունեցող երկրները միմյանց լրտեսելու անհրաժեշտություն զգան», - ասել է Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Դանիայի գաղտնի ծառայությունը 2012-2014 թվականներին օգնել է Միացյալ Նահանգներին լրտեսել եվրոպացի քաղաքական գործիչներին, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

Դանիական Danmarks Radio լրատվականի հրապարակած զեկույցի համաձայն՝ Դանիայի ռազմական հետախուզական ծառայությունը (FE) համագործակցել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության (NSA) հետ՝ տեղեկատվություն հավաքելու նպատակով։ Ըստ զեկույցի՝ տվյալներ են հավաքվել Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի և Նորվեգիայի պաշտոնյաների վերաբերյալ։ Նմանատիպ մեղադրանքներ ի հայտ են եկել 2013 թվականին, որն ԱՄՆ-ի կողմից չի հերքվել։

Նոր հրապարակված զեկույցի համաձայն՝ ենթադրվում է, որ ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությունը կարողացել է հասանելիություն ունենալ եվրոպացի մի շարք պաշտոնյաների տեքստային հաղորդագրություններին և զանգերին՝ Դանիայի ռազմական հետախուզական ծառայության հետ համագործակցության շրջանակում օգտվելով դանիական ինտերնետային մալուխներից։

ԵՄ երկրները ճնշում են գործադրում Դանիայի և ԱՄՆ-ի վրա՝ եվրոպացի քաղաքական գործիչներին լրտեսելու մասին լուրերի ֆոնին