«Ռուսները միայն այդ լեզուն են հասկանում». Լեհաստանում կոչ են արել Ռուսաստանի հետ սկսել խոսել պատերազմի լեզվով

09:58 • 03.06.21

Լեհաստանի Սեյմի (խորհրդարան) միջազգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արկադիուշ Մուլյարչիկը Interia հրատարակության հետ զրույցում հայտարարել է, որ «Ռուսաստանը փորձում է Լեհաստանի ամրությունը»: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Այսպես նա մեկնաբանել է անցանկալի կազմակերպության գործունեությանը մասնակցության հոդվածով քրեական գործով «Բաց Ռուսաստան» կազմակերպության նախկին ղեկավար Անդրեյ Պիվովարովի կալանավորումը:

Նրա կարծիքով՝ Մոսկվան ձգտում է սրել հակամարտությունը Վարշավայի հետ: Ի պատասխան՝ լեհերը կարող են անել միայն մեկ բան՝ երկիրը պատշաճ կերպով պատրաստել ռազմական ոլորտում, ասել է քաղաքական գործիչը:

«Մենք պետք է արձագանքենք, զինվենք, աճեցնենք բանակի հնարավորությունները: Սա է գլխավորը: Ռուսները, ճիշտն ասած, միայն այդ լեզուն են հասկանում»,-ասել է Մուլյարչիկը:

Նա հավելել է, որ Լեհաստանը չպետք է ամբողջովին ապավինի իր արևմտյան դաշնակիցներին: Նա ուշադրություն է հրավիրել Գերմանիայի «հակասական» քաղաքականության վրա, որն աջակցում է ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցմանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, «Բաց Ռուսաստան» ընդդիմադիր միավորման նախկին տնօրեն Անդրեյ Պիվովարովը բերման է ենթարկվել Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանից: Նրան ձերբակալելու համար իրավապահները կանգնեցրել են ինքնաթիռը, որը պատրաստվում էր թռիչքի: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ  Պիվովարովը հետախուզվում է: Նրան բերման են ենթարկել Սանկտ Պետերբուրգի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչություն: Նա ձերբակալվել է ՌԴ քրեական օրենսգրքի 284.1. հոդվածի մեղադրանքով (Անցանկալի կազմակերպության գործունեություն իրականացնելը):

«Ռուսները միայն այդ լեզուն են հասկանում». Լեհաստանում կոչ են արել Ռուսաստանի հետ սկսել խոսել պատերազմի լեզվով