«Կորոնավիրուսի ծագման հանգամանքները պարզելու հարցում Չինաստանը պետք է ավելի թափանցիկ լինի»․ Բլինկեն
Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի տարածման հանգամանքները պարզելու հարցում պետք է ավելի թափանցիկ լինեն, այս մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է Axios լրատվական պորտալին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է HBO հեռուստաալիքի եթերում։
Հարցին, թե Չինաստանի համար ինչ հետևանքներ կլինեն, եթե պարզվի՝ Պեկինն «այս ամբողջ ընթացքում թաքցրել է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից կորոնավիրուսի արտահոսքը», Բլինկենը պատասխանել է․ «Կորոնավիրուսի ծագման վերաբերյալ ճշմարտության բացահայտումը կարևոր է երկու պատճառներով՝ նախ մենք կկարողանանք կանխել հաջորդ համավարակը և երկրորդ՝ ավելի արդյունավետորեն կպայքարենք դրա դեմ»։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Չինաստանի կառավարությունը կորոնավիրուսի տարածման հանգամանքները պարզելու հարցում մինչ օրս թափանցիկ չի եղել և միջազգային փորձագետների համար տեղեկատվության հասանելիություն չի ապահովել։
«Դա մեծապես բխում է նաև Չինաստանի շահերից, քանի որ նա նույնպես տուժել է այդ համավարակից։ Եթե այդ երկիրն իրեն համարում է պատասխանատու միջազգային խաղացող, ապա պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի տրամադրի իր ունեցած բոլոր տեղեկությունները՝ մյուս համավարակները կանխելու համար, - հավելել է պետքարտուղարը։
Ամերիկյան հայտնի լրատվամիջոցներն Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից կորոնավիրուսի արտահոսքի մասին տեսությունը երկար ժամանակ որակում էին որպես «ապատեղեկատվություն»։ Սակայն օրերս The Wall Street Journal-ը գրել էր, որ Չինաստանի Ուհան քաղաքի վիրուսաբանության ինստիտուտի երեք չինացի գիտնականները կորոնավիրուսի համավարակի բռնկումից որոշ ժամանակ առաջ ծանր հիվանդացել են։ Ընդ որում, նրանք ունեցել են նմանատիպ ախտանիշներ, ինչ կորոնավիրուսով հիվանդները:
ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին, որը նույնպես քննադատում էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հիշյալ տեսությունը, օրերս հայտնել է՝ «վստահ չէ, որ կորոնավիրուսը կենդանիներից է փոխանցվել մարդկանց»։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտին հրապարակել է COVID-19-ի ծագումը պարզելու համար Ուհան քաղաք այցելած իր փորձագետների միջազգային խմբի զեկույցի ամբողջական տարբերակը: Փաստաթղթում վիրուսաբանության ինստիտուտից կորոնավիրուսի արտահոսքն անվանել են «քիչ հավանական»։ Զեկույցում նշվում է, որ նոր տեսակի կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, մարդուն փոխանցվել է չղջիկների միջոցով։
Զեկույցի հրապարակումից հետո ԱՄՆ-ն և ևս 13 պետություններ համատեղ հայտարարություն են հրապարակել՝ կոչ անելով COVID-19-ի ծագման «թափանցիկ և անկախ» հետաքննություն անցկացնել։










