«Կորոնավիրուսի՝ լաբորատորային ծագման մասին վարկածը ոչնչով չի տարբերվում Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի առկայության մասին ստից»․ ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատուն

09:46 • 08.06.21

Չինաստանի վիրուսաբանության ինստիտուտից կորոնավիրուսի տարածման մասին պնդումները ոչնչով չեն տարբերվում Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի առկայության վերաբերյալ մոտ 20 տարի առաջ հնչած հայտարարություններից։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Լյու Պենյուն։

«Covid-19-ի ծագումը գիտական հարց է և պետք է հավաքականորեն ուսումնասիրվի ամբողջ աշխարհի գիտնականների կողմից․ այն չպետք է քաղաքականացվի։ Ցանկացած եզրակացություն պետք է արվի ԱՀԿ ընթացակարգերին համապատասխան և գիտականորեն հիմնավորված մեթոդների հիման վրա»,- Twitter-ում գրել է Պենյուն։

Նրա խոսքով՝ «կորոնավիրուսի ծագման հարցի քաղաքականացումը և Չինաստանի վարկաբեկման արշավը ոչնչով չի տարբերվում Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի առկայության մասին ստից»։

2003 թվականի փետրվարի 5-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը որպես Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի առկայության ապացույց՝ ցուցադրել էր սպիտակ փոշիով փորձանոթ։ Նրա պնդմամբ՝ դրանում եղել են Իրաքում հայտնաբերված քիմիական զենքի նմուշներ, ինչը հիմք է ծառայել Բաղդադի դեմ ռազմական գործողության անհրաժեշտության համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդագրություն էր տարածել, որում մեջբերվում էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ ԱՄՆ հետախուզական հանրությունը «վիրուսի ծագման շուրջ միավորվել է երկու հավանական սցենարների շուրջ, այդ թվում՝ վիրուսաբանության ինստիտուտից արտահոսքի, սակայն վերջնական եզրակացության չի եկել»։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտին հրապարակել է COVID-19-ի ծագումը պարզելու համար Ուհան քաղաք այցելած իր փորձագետների միջազգային խմբի զեկույցի ամբողջական տարբերակը: Փաստաթղթում վիրուսաբանության ինստիտուտից կորոնավիրուսի արտահոսքն անվանել են «քիչ հավանական»։ Զեկույցում նշվում է, որ նոր տեսակի կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, մարդուն փոխանցվել է չղջիկների միջոցով։

Զեկույցի հրապարակումից հետո ԱՄՆ-ն և ևս 13 պետություններ համատեղ հայտարարություն են հրապարակել՝  կոչ անելով COVID-19-ի ծագման «թափանցիկ և անկախ» հետաքննություն անցկացնել։

«Կորոնավիրուսի՝ լաբորատորային ծագման մասին վարկածը ոչնչով չի տարբերվում Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի առկայության մասին ստից»․ ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատուն