Թուրքիան մեկ շաբաթվա ընթացքում 2-րդ անգամ հարվածել է իրաքյան Մախմուրի փախստականների ճամբարին

16:30 • 12.06.21

Թուրքիան կրկին թիրախավորել է Իրաքի հյուսիսային Մախմուր շրջանում գտնվող փախստականների ճամբարը՝ վնասազերծելու «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» ավագ անդամներից Հասան Ադիրին, հայտնում է Ahval թերթը։

Գործողությունն իրականացվել է թուրքական հետախուզության կողմից՝ նույն ճամբարին հարվածներ հասցնելուց մեկ շաբաթ էլ չանցած։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am-ը, Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը դատապարտել էր Թուրքիայի կողմից Մախմուր շրջանում գտնվող փախստականների ճամբարի մոտ իրականացված ավիահարձակումը՝ այն անվանելով «վտանգավոր սրացում»։ Իրաքի նախագահի հայտարարությանն ի պատասխան՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ սպանված անձանցից մեկը «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» հրամանատարն էր։ Էրդողանը ճամբարն անվանում է «ահաբեկչության ինկուբատոր»:

Նշենք՝ ճամբարը հիմնվել է 1990-ականներին՝ քրդերի կողմից, որոնք փախել են Թուրքիայի հարավ-արևելյան շրջանից։ Ճամբարը, որտեղ բնակվում է մոտ 12 հազար քուրդ փախստական, գտնվում է ՄԱԿ-ի վերահսկողության տակ։

Թուրքիան մեկ շաբաթվա ընթացքում 2-րդ անգամ հարվածել է իրաքյան Մախմուրի փախստականների ճամբարին