Կիմ Չեն Ընը նիհարում է ոչ թե առողջական խնդիրների, այլ ազգի համար քրտնաջան աշխատելու արդյունքում. հյուսիսկորեական լրատվամիջոցների «ակնարկը» (տեսանյութ)

10:40 • 30.06.21

Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները պաշտոնապես նշել են երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի քաշի փոփոխության մասին՝ բացառելու նրա առողջական խնդիրների մասին շահարկումները և ցույց տալու ԿԺԴՀ-ի համար այս բարդ ժամանակահատվածում առաջնորդի քրտնաջան աշխատանքը հանուն ժողովրդի: Նման կարծիք է հայտնել Սեչժոնի ինստիտուտի Հյուսիսային Կորեայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Չոն Սոն Չժանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Փհենյանի բնակիչներից մեկը պետական հեռուստատեսության եթերում ասել է, որ Կիմ Չեն Ընի առողջական վիճակը «կոտրում է մարդկանց սրտերը»։ Վերլուծաբանների կարծիքով՝ պետական հեռուստատեսությամբ նման սյուժեի ցուցադրումը վկայում է այն մասին, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները փորձում են օգտագործել երկրի ղեկավարի քաշի կորուստը՝ դժվար պահերին նրա հանդեպ հավատարմության ամրապնդման նպատակով։

Հարավկորեական «Չոսոն Իլբո» թերթի տվյալներով՝ Կիմ Չեն Ընի հասակը 170 սանտիմետր է, իսկ քաշը 140 կիլոգրամ էր, ինչը 30-40 տարեկան մարդկանց համար սահմանված նորմայից ավելի է։ Հրապարակման համաձայն՝ Հյուսիսային Կորեայի ղեկավարի շրջապատը նրան խնդրել է հանգստանալ և նիհարել, ինչի արդյունքում էլ Կիմ Չեն Ընը մեկ ամիս անցկացրել է քաղաքից դուրս և Փհենյան վերադարձել ավելի քան 10 կիլոգրամ նիհարած։

Չոն Սոն Չժանը նշում է, որ Հյուսիսային Կորեայում առաջնորդի առողջական վիճակը խիստ հսկվող տեղեկություն է և սովորաբար չի քննարկվում։ Նախկինում երկրի առաջնորդների առողջական վիճակի մասին հաստատումներ հազվադեպ են եղել։ Ըստ նրա՝ այս անգամ Փհենյանը որոշել է հրապարակավ խոսել Կիմ Չեն Ընի արտաքինում առկա փոփոխությունների մասին՝ ցույց տալու համար, որ դրանք կապ չունեն նրա առողջական վիճակի հետ։

Բացի այդ, Կիմ Չեն Ընը վերջերս մի քանի անգամ խոսել է երկրում առկա բարդ իրավիճակի մասին։ Հայտնի է, որ 80 տոկոսով նվազել է երկրի առևտուրը Չինաստանի հետ։ Ինչպես նշել է CNN-ը՝ Փհենյանում թանկացել են որոշ հիմնական ապրանքների՝ շաքարի, ալյուրի, կարագի գները։ Հայտնի է, որ մի տուփ սև թեյն արժե 70, իսկ մեկ տուփ սուրճը՝ ավելի քան 100 դոլար։

Հիշեցնենք, որ Կիմ Չեն Ընը շատ ակտիվ ծխող է և գեր է ինչպես իր հայրն ու պապը, որոնք երկուսն էլ մահացել են սրտի կաթվածից։