Թբիլիսիում սեռական փոքրամասնություններին դեմ քաղաքացիները հավաքվել են խորհրդարանի մոտ, շենքի վրայից պոկել ԵՄ դրոշն ու այրել այն (տեսանյութ)

11:03 • 07.07.21

Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքին դեմ արտահայտվող քաղաքացիները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ, շենքի վրայից պոկել Եվրամիության դրոշն ու այրել, որի կադրերը ցույց է տվել «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: 

Ինչպես հայտնում է ria.ru-ն, Թբիլիսիի կենտրոնում խորհրդարանի շենքի մոտ անցկացվել է նախ քաղաքական գործիչների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանրահավաք, որոնք իրենց համերաշխությունն են հայտնել ավելի վաղ սեռական փոքրամասնություններին դեմ արտահայտվողների բողոքի ակցիայի ժամանակ տուժած լրագրողների հետ: Միևնույն ժամանակ, ոչ հեռու հավաքվել են ԼԳԲՏ համայնքին դեմ քաղաքացիները և ավանդական արժեքների կողմնակիցները: Նրանց միջև կանգնել են ոստիկանները: Նրանք մի քանի անգամ փորձել են ճեղքել ոստիկանական պաշտնեշը, քարեր ու շշեր նետել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ, ոստիկանները մի քանի մարդու բերման են ենթարկել:

Խորհրդարանի շենքի մոտ հավաքվածների խաղաղ ակցիան ավարտվել է, ոստիկաններն աստիճանաբար դուրս են բերել հավաքվածներին տարածքից, որից հետո հրապարակը զբաղեցրել են նրանց հակառակորդները: Առաջինը, որ նրանք արել են, պոկել են Եվրամիության դրոշն ու այրել այն:

Թբիլիսիում հուլիսի 1-ին մեկնարկել է «Արժանապատվության շաբաթը», որի ընթացքում ԼԳԲՏ ներկայացուցիչները մի շարք միջոցառումներ են իրականացրել: Երկուշաբթի նախատեսվում էր նաև «Արժանապատվության երթ» անցկացնել, սակայն այն չեղարկվել էր Վրաստանում բարձրացած բողոքի ալիքի պատճառով: 

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, երկուշաբթի երեկոյան Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության երթին դեմ արտահայտվողների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ տուժել է ԶԼՄ-ների 53 ներկայացուցիչ:

Երեկվա միջադեպից տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Թբիլիսիում սեռական փոքրամասնություններին դեմ քաղաքացիները հավաքվել են խորհրդարանի մոտ, շենքի վրայից պոկել ԵՄ դրոշն ու այրել այն (տեսանյութ)