«Մեր կոչը մնում է նույնը․ միավորված և առանց օկուպացիոն զորքերի կղզի»․ Հունաստանի վարչապետն անդրադարձել է 1974-ին թուրքերի ներխուժմանը Կիպրոս
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել է 1974 թվականին Կիպրոս թուրքական ներխուժմանը, գրում է Greek City Times թերթը։
«Ժամանակն անցնում է, սակայն ոչ ոք չի մոռանում։ Կիպրոս թուրքական ներխուժումից 47 տարի անց արդար լուծման մեր կոչը նույնն է․ միավորված և առանց օկուպացիոն զորքերի կղզի», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Հունաստանի վարչապետը և հավելել, որ հշում և պայքարում են՝ հարգելով Կիպրոսի ամբողջականությունն ու անկախությունը պաշտպանող հերոսներին։
«Ժամանակն է, որ Թուրքիան հրաժարվի Կիպրոսի և կիպրոսցի թուրքերի դեմ սպառնալիքների փակուղուց», - նշել է Միցոտակիսը՝ եզրափակելով, որ այդ սպառնալիքները դեմ են տարածաշրջանում միջազգային օրինականությանն ու կայունությանը, ԵՄ-ի, 21-րդ դարի արժեքներին, ինչի համար էլ հանդուրժողականություն չի լինի։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (չճանաչված), որի ընթցաքում ներկա կլինի 1974 թվականին Կիպրոս թուրքական զորքերի ներխուժման տարեդարձին նվիրված արարողությանը, նպատակ ունենալով հիշեցնել օկուպացիայի մասին՝ առանց երկու կողմերի միջև խաղաղ բանակցությունները տապալելու։
Թուրքիայի նախագահի հաղորդակցման հարցերով տնօրեն Ֆահրեթին Ալթունը աջակցություն է հայտնել Կիպրոսում 2 պետությունների ստեղծմանը։
«Երկու կողմերը չեն կարող միասին նույն հարկի տակ ապրել։ Մենք պետք է իրատես լինենք, եթե չենք ուզում այս վեճը մեր երեխաներին փոխանցել», - ասել է Ալթունը։










