Էկվադորի բանտերում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի․ վիրավորվել է 8 ոստիկան

09:57 • 24.07.21

Էկվադորի Գուայասի և Կոտոպաքսի նահանգներում գտնվող երկու բանտերում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի, հայտնում է Al Jazeera լրատվականը։

Նախագահ Գիլերմո Լասոն հրահանգել է «կարգուկանոն հաստատելու նպատակով Էկվադորի բանտերում մոբիլիզացնել բոլոր անհրաժեշտ մարդկային և տնտեսական ռեսուրսները»։

Հայտնի է, որ բանտարկյալներից 19-ը զոհվել են Կոտոպաքսիում, իսկ 8-ը` Գուայասիում, վիրավորների թիվը 57-ն է, այդ թվում՝ 8 ոստիկան, որոնցից մեկը բռնաբարվել է։ Կոտոպաքսիի բանտից փախած բանտարկյալներից 86-ը վերադարձվել են, սակայն փախած բանտարկյալների թիվը հայտնի չէ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, իրավապահներին, հատուկ ջոկատայինների աջակցությամբ, միայն մի քանի ժամ անց է հաջողվել վերականգնել վերահսկողությունը Գուայասի և Կոտոպաքսի նահանգներում գտնվող երկու բանտերի նկատմամբ:

Էկվադորի բանտային համակարգը ներառում է 60 բանտ՝ նախատեսված 29 հազար բանտարկյալների համար։ Ըստ երկրի մարդու իրավունքների պաշտպանի՝ 2020 թվականի ընթացքում տեղի բանտերում գրանցվել է 103 սպանություն։

Էկվադորի բանտերում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի․ վիրավորվել է 8 ոստիկան