Արդարադատության ակադեմիայի Խորհրդի նախագահ չի ընտրվել Վարդապետյանի տեղակալ Մանասյանը․ բարեփոխման անվան տակ ո՞րն է Ակադեմիայի ռեկտորին Որակավորման հանձնաժողովից հանելու՝ Դատախազության իրական նպատակը
Դատախազությունն Ազգային ժողով «Դատախազության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, որով նպատակադրվել է Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանին դուրս թողնել Դատախազության որակավորման հանձնաժողովից։
Վարդապետյանի տեղակալ Մանասյանն անկաշկանդ հակադարձում էր ընդդիմադիր Արծվիկ Մինասյանին, թե ինքը և գլխավոր դատախազը անձնական ոչինչ չունեն Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Առաքելյանի դեմ, օրենքի փոփոխությունը միջանձնային հարց չէ և դա բարեփոխում է։
Սակայն, Tert.am-ին հայտնի դարձավ, թե ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստին, երբ քննարկվում էր այդ նախագիծը, միջանձնային ի՞նչ հարցի մասին էր ակնարկում Արծվիկ Մինասյանը տիկին Մանասյանին, և ո՞րն է օրենսդրական փոփոխության իրական պատճառը։
Tert.am-ի տեղեկություններով՝ Աննա Վարդապետյանը ցանկացել է իր տեղակալ Մանասյանին նախկինում դարձնել Արդարադատության ակադեմիայի ռեկտոր, դա չի ստացվել, իսկ հունվարի 24–ին ցանկացել է նրան դարձնել Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ, քանի որ դատավոր անդամի`Արման Թովմասյանի (ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր) լիազորության մեկ ամյա ժամկետը մոտեցել էր ավարտին։
Նշենք, որ համաձայն «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի՝ Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի կազմից`նրա անդամների ձայների մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ, դատավոր, դատախազ անդամի, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ անդամների միջև ռոտացիոն կարգով, մեկ տարի ժամկետով:
Նոյեմբեր֊դեկտեմբեր ամիսներին Աննա Վարդապետյանը երկու նիստ տապալում է Գրիգոր Մինասյանի աջակցությամբ. նա Գրիգոր Մինասյանին ասել է, որ նախարարն իր արդեն նախկին տեղակալ Արփինե Սարգսյանին (այժմ ՆԳ նախարարի տեղակալ) չուղարկի Ակադեմիայի նիստին, դատախազության երեք ներկայացուցիչն էլ չեն ներկայանա և նիստը չի կայանա քվորում չապահովելու հիմքով։
Սակայն, հունվարին, երբ դատավոր Թովմասյանի լիազորության ժամկետը մոտեցել է ավարտին, նշանակվել է ընտրություն․ հօգուտ Մանասյանի խորհրդի անդամներին հայտնել են, իբր թե բոլորի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել և Մանասյանն է լինելու Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահը։
Իսկ, օրինակ, դատախազները Քննչական կոմիտեին ոչինչ չեն հայտնել, համարելով, որ նախ անիմաստ է, և երկրորդ, երբ մեծամասնությանը հայտնել է, այդ կառույցի քվեն արդեն էական չէ։
Բայց, Tert.am-ի աղբյուրի փոխանցմամբ, նիստի մեկնարկին սկսվում է «բացահայտման» գործընթացը, Մանասյանն անգամ առաջարկել է այս տարի ևս Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ ընտրել դատավորի, հաջորդին՝ դատախազության ներկայացուցիչ, սակայն չեն համաձայնել անգամ դատավորները և առարկել են բոլոր տեսակի չեղած և հնչեցրած պայմանավորվածություններին, իսկ նիստի անակնկալը Դատախազությանը մատուցել է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Սասուն Խաչատրյանի տեղակալ Մուշեղ Բաբայանը առաջադրել է Քննչական կոմիտեի նախագահ Քյարամյանի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արսեն Այվազյանի թեկնածությունը։
Դատախազության ներկայացուցիչները՝ Մանասյանի գլխավորությամբ, չեն մասնակցել փակ գաղտնի քվեարկությանը՝ այդպիսով բոյկոտելով նիստը, իսկ Արսեն Այվազյանն ընտրվել է, նրան բոլորը շնորհավորել են։
Հենց այս պատճառով է, որ Աննա Վարդապետյանը ցանկանում է Ակադեմիայի ռեկտոր Առաքելյանին էլ չթողնել Դատախազության Որակավորման հանձնաժողովում, քանի որ իր տեղակալը Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ չի ընտրվել, և դրա համար օրենսդրական փոփոխություն են նախաձեռնում՝ բարեխոփում անվամբ։
Սա է օրենսդրական փոփոխության իրական պատճառը։ Մանասյանն էլ ԱԺ–ում՝ պետաիրավական հանձնաժողովի նիստում զեկուցում էր, թե կարող է շահերի բախում լինել, եկեք կանխենք։
Այսինքն, այն ժամանակահատվածը, երբ Առաքելյանը Դատախազության որակավորման հանձնաժողովի նախագահ է, որևէ շահերի բախում չի եղել, համենայնդեպս, Արծվիկ Մինասյանի այդ հարցին, թե մինչ այժմ եղե՞լ է շահերի բախում, Մանասյանը որևէ օրինակ չնշեց։










