Արցախի պողոտայում հայտնաբերված երեխան գտնվում է նորածնային վերակենդանացման բաժանմունքում․ նրա վիճակում նկատվում է դրական տեղաշարժ

11:34 • 12.05.23

Արցախի պողոտայում հայտնաբերված երեխան գտնվում է նորածնային վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Երեկ՝ ժամը 16:30-ի սահմաններում, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխված ընկեցիկ երեխայի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ։ Փոքրիկը ներկա պահին գտնվում է նորածնային վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության ներքո։Այս պահի դրությամբ՝ երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Հիշեցնեմ, որ նորածին աղջիկը հիվանդանոց էր բերվել ծայրահեղ ծանր վիճակում, հիպոթերմիա, մարմնի ցածր ջերմաստիճանով», - գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ շտապօգնության աշխատակիցները Երևան քաղաքի Արցախի պողոտայի 8/4 հասցեում կիսամերկ նորածին երեխա էին գտել և տեղափոխել հիվանդանոց։ Նորածին երեխայի հայտնաբերման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 247-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։