Սեուտայում uպառնացել են Մադրիդին դատարանով, եթե միգրանտների հետ կապված իրավիճակը չբարելավվի
Իսպանիայի Սեուտա քաղաքի կառավարության ղեկավար Խուան Հեսուս Վիվասը սպառնացել է Իսպանիայի կենտրոնական նախարարների կաբինետին դիմել դատական իշխանություններին, եթե ինքնավար քաղաքում միգրացիոն ճգնաժամի հետ կապված իրավիճակը 30 օրվա ընթացքում դեպի լավը չփոխվի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով El Pais թերթը։
«Օգոստոսի առաջին օրերին Մադրիդը փորձել է զարդարել իրականությունը՝ հայտարարելով, թե վերականգնել է նորմալ իրավիճակը: Դրան հաջորդել է միջոցառումների ձեռնարկման հարցում գրեթե լիակատար պասիվությունը»,- մեջբերում է հրատարակությունը քաղաքական գործչի խոսքերը:
Վիվասը կենտրոնական կաբինետին 30 օր է տվել իրավիճակը փոխելու համար, ինչից հետո սպառնացել է դիմել այլ պետական ատյաններ։
«Սեուտայի բնակիչները չեն պատրաստվում հանձնվել: Կառավարությունը պետության շատ կարևոր մասն է, բայց այն չէ ամբողջ պետությունը, մենք հաստատակամ ենք շարունակելու պնդել և դիմել պետական այլ կառույցներին և ամբողջ իսպանական հասարակությանը: Մենք պատրաստվում ենք դիմել պետական այլ մարմինների, Գլխավոր կորտեսներին, դատական իշխանությանը, ինքնավար համայնքներին, համայնքների ֆեդերացիային և Եվրոպային»,- վստահեցրել է Վիվասը։
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին տասնյակ հազարավոր անօրինական ներգաղթյալներ կարողացել են հասնել Սեուտա լողալով, ինչպես նաև ոտքով՝ շրջանցելով ալեհատը, որը քաղաքը բաժանում է Մարոկկոյից: Ճգնաժամի ֆոնին Մադրիդը որոշել է ներգրավել զինվորականներին՝ բնակավայրում անվտանգության ապահովմանը օգնելու համար։ Ենթադրվում է, որ անօրինական ներգաղթյալների ճնշող մեծամասնությունն արդեն վերադարձել է Մարոկկո, սակայն իսպանական իշխանությունների տվյալներով՝ քաղաքում դեռ կարող է մնալ շուրջ 5 հազար միգրանտ։











