Ինքնիշխանությունը միայն այն չէ, ինչ գրված է փաստաթղթերում, այն պետության տարածքում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ իրական վերահսկողության կարողությունն է․ Արա Այվազյան

20:04 • 17.09.26

Ռիսկերի 4 չափանիշ ունենք TRIPP-ում, որոնք իրենց մեջ պարունակում են վտանգներ` ինքնիշխանություն, տնտեսական արդյունք, հնարավոր զարգացումներ, ռազմավարական ընտրություն, այս մասին «Մտորումներ TRIPP-ի մասին» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։

«Ինչպես գիտենք, մինչև TRIPP-ի ի հայտ գալն Անկարան ու Բաքուն առաջ էին մղում և շարունակում են առաջ մղել «Զանգեզուրի միջանցքի» հայեցակարգը։ Այսօր ֆորմալ առումով գործ ունենք իրավական և ինստիտուցիոնալ այլ կառույցի հետ։ Չի կարելի բացառել, որ ժամանակի ընթացքում այս ենթակառուցվածքը կարող է հարևանների կողմից ձեռք բերել առաջ մղվող մոդելի գործառույթները։

Այսինքն՝ միջանցքի կոնցեպտի բացակայությունը չի բացառում միջանցքային կախվածությունը։ Ինքնիշխանությունը միայն այն չէ, ինչ գրված է փաստաթղթերում. այն պետության տարածքում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ իրական վերահսկողության կարողությունն է։ Կարելի է պահպանել դրոշը, օրենքներն ու սահմանը և միաժամանակ թույլ տալ այնպիսի տնտեսական ենթակառուցվածքի ձևավորում, որը հետագայում անհնարին կդարձնի վարել լիարժեք սեփական քաղաքականություն»,-ասել է Այվազյանը։