Երևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Երևանի իշխանությունը նախատեսում է մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027 թվականին։ Երևանի քաղաքապետարանից այս մասին հայտնել են Sputnik Արմենիային:
Քաղաքային իշխանությունը հայտնել է, թե ինչ կայաններ են նախատեսում կառուցել, ինչ փուլում են աշխատանքները:
Նշենք, որ նոր կայարանի նախագծմամբ զբաղվել է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը։ Շինարարությունը պետք է սկսվեր 2024 թվականին, սակայն ժամկետները մի քանի անգամ հետաձգվեցին։
Քաղաքապետարանից նշել են, որ այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում հողերի օտարման և մրցույթների հայտարարման հետ կապված իրավական ընթացակարգերի ապահովման ուղղությամբ:
«Կայարանի կառուցման ազդեցության ենթակա տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը սահմանված կարգով ներպետական շրջանառություն է անցել, և կայացել են հանրային լսումները։ Ակնկալվում է, որ ՀՀ կառավարության կողմից որոշման ընդունումից հետո 2026 թվականի ընթացքում կմեկնարկեն հողերի օտարման աշխատանքները»,- ասված է քաղաքապետարանի պատասխանում։
Նշվում է, որ շինարարական աշխատանքների բուն մեկնարկի հստակ ժամկետները կախված են ինչպես օտարման, այնպես էլ մրցութային գործընթացներից։
«Այդուհանդերձ, ներկա պլանավորմամբ նախատեսվում է շինարարության փուլային մեկնարկ 2027 թվականին»,– ընդգծել են քաղաքապետարանից։
Ինչ վերաբերում է մրցութային գործընթացներին, ապա առաջիկայում կմեկնարկեն միջազգային շուկայի ներգրավման գործընթացները, նախքան պաշտոնական մրցութային ընթացակարգերի մեկնարկը։
Ինչ վերաբերում է մյուս նոր կայարաններին, ապա արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում «Զորավար Անդրանիկ» և «Սասունցի Դավիթ» կայարանների միջև ընկած հատվածում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի շրջակայքում,, նոր վերգետնյա կայարանի կառուցման ներդրումային ծրագրի ուղղությամբ:
«Այդ նպատակով նոյեմբերին ավարտին կհասցվեն տեխնիկատնտեսական իրագործելիության ուսումնասիրության և քաղաքաշինական հայեցակարգի ու կայարանի էսքիզային լուծումների մշակման խորհրդատվական ծառայությունները։ Ստացված փաթեթների հիման վրա կհստակեցվեն ծրագրի իրականացման փուլերը, մեխանիզմը և ֆինանսական մոդելը»,- հայտնում են քաղաքապետարանից։
Հիշեցնենք՝ դեռ 2023 թվականին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ «Աջափնյակ» կայարանի նախագիծը լիովին պատրաստ է։ Նա վստահեցնում էր, որ կառուցումը կտևի չորս տարի և մոտ 20%-ով կավելացնի մետրոյով ուղևորափոխադրումները։
2026 թվականի սեպտեմբերին Փաշինյանը հայտարարեց, որ ծրագրերում կա առնվազն 4 նոր մետրոյի կայարան կառուցելու տեսլական։ Նա հայտնեց, թե մետրոյի ճյուղը «Աջափնյակ» կայարանով պետք է գնա դեպի Ակադեմիական քաղաք, միանա «Չարբախ» կայարանին, և արդյունքում ունենանք շրջանաձև երթևեկության հնարավորություն։











