Մենք գո՞հ ենք ռուսական խաղաղապահներից, իհարկե ոչ, բայց Փաշինյանն ասաց՝ Արցախն Ադրբեջանի մաս է. Արթուր Խաչատրյան
Մենք գո՞հ ենք ռուսական խաղաղապահներից, իհարկե ոչ, բայց հիշեցնեմ՝ ինչպես եկանք նոյեմբերի 9-ի փաստաթղթին, Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը:
«Ռուսներն առաջարկեցին հրադադար, Փաշինյանը դա մերժեց, այդ պահից հետո ունեցանք զոհեր, որը Նիկոլ Փաշինյանի որոշման հետևանք էր: Փորձեց հրադադար հաստատել Մակրոնը, չստացվեց, Թրամփը՝ իր նախագահության վերջին օրերին, հետո, ամենավերջում դա արեցին ռուսները, ռուսական միջամտությամբ էր: Կա՞ր ավելի լավ տարբերակ, ես չգիտեմ, բայց այդ փաստաթղթի ստորագրողը Նիկոլ Փաշինյանն է, այնպես որ ցանկացած բողոք՝ կողմերի վարքի վերաբերյալ, խնդրում ենք ուղղել Նիկոլ Փաշինյանին:
Երբ հաստատվեց հրադադարը, նոյեմբերի 9-ի այդ փաստաթուղթը որևէ կերպ չէր անդրադառնում Արցախի իրավական կարգավիճակին, դա ընդամենը հրադադարի փաստաթուղթ է, և հանկարծ գալիս է Նիկոլ Փաշինյանը, որը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին փոխում է խաղի կանոնները և ասում է՝ Արցախն այլևս Ադրբեջանի մաս է»-նշել է նա:











