Թուրքիան պատրաստ է աջակցել ԱՄՆ-Իրան կարգավորմանը. Էրդողան

17:01 • 09.11.26

Թուրքիան պատրաստ է աջակցել ԱՄՆ-ի և Իրանի միջև կարգավորմանը: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է Դոնալդ Թրամփի հետ վերջին հեռախոսազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք չենք ցանկանում Իրանի վրա հարձակումների նոր ալիք և մեր տարածաշրջանի հետագա ապակայունացում։ Մենք ամեն պատեհ առիթով ընդգծում ենք, որ խնդիրները կարելի է լուծել երկխոսության և դիվանագիտության ճանապարհով և անում ենք հնարավոր ամեն ինչ դրա համար։ Ես այս հարցերը քննարկել եմ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ և ներկայացրել մեր մտահոգությունները։ Մենք կողմերին փոխանցել ենք, որ պատրաստ ենք միջամտել, որպեսզի դուռ բացենք դեպի խաղաղություն և դիվանագիտություն», - ասել է Էրդողանը։

Թուրքիայի առաջնորդը հույս է հայտնել առողջ մտքի հաղթանակի վերաբերյալ՝ նշելով, որ դա թույլ կտա տարածաշրջանին «հեռանալ անդունդի եզրից»։

«Կոնֆլիկտները նշանակում են միայն ավելի շատ կորուստներ մեր տարածաշրջանի համար։ Պատերազմների գինը վճարում են ոչ միայն պատերազմող կողմերը։ Ցավոք, այս բոլոր իրադարձությունները շոշափում են շատ ընդարձակ տարածք՝ Թուրքիայից մինչև Պարսից ծոցի երկրներ, Իրաքից մինչև Սիրիա, Եվրոպայից մինչև Ասիա»,- նշել է Էրդողանը։