Ի՞նչ անել, որ քաղաքում ապրելն ու տեղաշարժվելն ինֆարկտի բուն չդառնան. կան մարդիկ, ում համար այս հարցի պատասխանը վաղուց գտած լինելն աշխատանքային պարտականություն է. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Մայրաքաղաքի A կետից C կետ հասնելու համար մարդուց պահանջվում է տիեզերագնացի առողջություն, հատկապես՝ ամուր սիրտ-անոթային և նյարդային համակարգ, ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Ի՞նչ պետք է անել, որ տնտեսական աճի, սնկի նման աճող շենքերի, բնակչության թվի աճի, մեքենաների թվի աճի, զբոսաշրջիկների թվի աճի հետ մեկտեղ քաղաքում ապրելն ու տեղաշարժվելն ինֆարկտի բուն չդառնան։
Ես այս հարցի պատասխանը չունեմ, կարծում եմ՝ շատերն այս հարցի պատասխանը չգիտեն, և մենք պարտավոր էլ չենք այս հարցի պատասխանն իմանալ, որովհետև դա մեր աշխատանքը չէ, բայց կան մարդիկ, ում համար այս հարցի պատասխանը վաղուց գտած լինելն աշխատանքային պարտականություն է:
Ճիշտ է՝ ակնհայտորեն մի քիչ ավելի բարդ պարտականություն է, քան միլիոնավոր դոլարների ներդրում կատարող ընկերություններին շինարարական թույլտվություն տալն է։ Թույլատրվում է. մի կախարդական մակագրություն, որի համար այնքան քիչ ջանք է հարկավոր, և որն այնքան մեծ ազդեցություն ունի»,-նշել է նա։











