Ինդոնեզիայի փոխնախագահը հրաժարական է տվել իր դիպլոմի իսկության շուրջ ծագած uկանդալից հետո

10:52 • 12.11.26

Ինդոնեզիայի փոխնախագահ Գիբրան Ռակաբումինգ Ռական հրաժարականի դիմում է ներկայացրել իր դիպլոմի իսկության շուրջ ծագած սկանդալից հետո։ Այս մասին հայտնել է Jakarta Globe պարբերականը։

Ինչպես նշվում է, նա համապատասխան դիմումը ներկայացրել է Ահմադ Մուզանիին՝ Ժողովրդական խորհրդատվական կոնգրեսի ղեկավարին, որն Ինդոնեզիայի բարձրագույն օրենսդիր մարմինն է։

«Նա խնդրել է, որ իր դիմումը քննարկվի անհապաղ, և արդեն այսօր կոնգրեսի ղեկավարությունը հանդիպում կանցկացնի նրա հրաժարականի հարցով»,- մեջբերել է պարբերականը Մուզանիի խոսքերը։

39-ամյա Գիբրան Ռակաբումինգ Ռական գտնվում է 2023 թվականին իր միջնակարգ կրթության փաստաթղթերի իսկության շուրջ բռնկված սկանդալի կենտրոնում։ Այն ժամանակ սոցցանցերում ակտիվորեն սկսեցին տարածվել պնդումներ այն մասին, որ նա իրականում չի ավարտել միջնակարգ ուսումնական հաստատությունը, և որ միջնակարգ կրթության օրինական դիպլոմի բացակայությունը անվավեր է դարձնում նրա մասնակցությունը 2024 թվականի ընտրություններին՝ որպես փոխնախագահի թեկնածու։ Հետագայում երկրի Գերագույն դատարան խնդրագրով դիմեց մի խումբ ակտիվիստներ՝ արդարադատության նախկին փոխնախարարի գլխավորությամբ՝ պահանջելով չեղարկել փոխնախագահի մասնակցությունը ընտրություններին և զրկել նրան պաշտոնից։