Հիմա տոտալ կերպով թքած ունեն և՛ մասնագիտական, և՛ հանրային կարծիքի վրա՝ Երևանը տանելով խորացող կոլապսի. ճարտարապետը՝ կրկեսի շենքի հարևանությամբ կառուցվելիք համալիրի մասին
Վերջին օրերին համացանցում ակտիվորեն քննարկվում է Երևանում կառուցվելիք նոր համալիրը, որը, ըստ գովազդվող տեղեկատվության, պետք է տեղակայվի Հանրապետության հրապարակից 1 կմ հեռավորության վրա՝ կրկեսի շենքի հարևանությամբ: Համալիրը բաղկացած է երկու շենքերից՝ իրար միացնող հատվածով, որտեղ պետք է լինեն պուրակներ, լողավազաններ, ռեստորաններ:
Նախագծի մասին ինստագրամյան հատվածում հրապարակումն արվել է 2-3 օր առաջ, բայց ըստ վաճառքով զբաղվող անշարժ գույքի գործակալության՝ բնակարանների գրեթե կեսն արդեն նախաամրագրված է:
Tert.am-ի հետ զրույցում ճարտարապետ Ասլան Մխիթարյանը մտահոգություն հայտնեց, որ նման մեծ նախագծերը մինչև իրականացվելը, պետք է դրվեն մրցույթների և քննարկման:
«Ինչու՞ նման նախագծերի մասին իմանում ենք վերջում և ինչու՞ մրցույթներ չեն հայտարարվում, նախապես քննարկումներ չեն արվում։ Ինչու՞ եք մեր քաղաքը սարքել ինչ-որ գավառական քաղաք, որ ով ինչ ուզում անում է, մենակ փող տա՞, այո՞»,- ասում է նա:
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ նման մեծ նախագծերը խնդիրների մեծ համակարգի մի մասն են միայն, այն ունենալու է բազմաթիվ շղթայական բացասական հետևանքներ:
«Այս բոլոր խոշոր նախագծերի հետ կապված պատշաճ քննարկումներ չեն լինում՝ մասնագիտական և հանրային: Սրանք բոլորը բիզնես- իշխանություն բանակցությունների արդյունքում են տեղի ունենում: Եթե իհարկե, խոսքը այն համալիրի մասին է, որը, ենթադրաբար նախատեսվում է կառուցել Երևանի նախկին քաղաքային զորամասի տարածքում, ապա պետք է նշել, որ այդ թաղամասում նախկինում արդեն խցկվել է Գլենդել Հիլզ թաղամասը, այսօր մարդիկ դժգոհ են այդտեղ ապրելուց, որովհետև այդ ամբողջ թաղամասը ունի ընդամենը երկու ելք, հարակից տարածքում է նաև Բյուրեղ համալիրը, այսինքն, բոլոր խնդիրները ավելացվում են իրար վրա: Դեռ այս ամենը մի կողմ, զորամասի հատվածում մենք գործ ունենք նաև նաև շատ արժեքավոր պատմական ժառանգության հետ, որովհետև այդ հատվածում է նախկինում եղել Երևանի բերդը: Եվ այդ ժառանգությունը, որոնք թվագրվում են հավանաբար 18-19-րդ դարեր, բոլորը քանդվելու շինարարության ընթացքում»:
Ասլան Մխիթարյանն ուշադրության է հրավիրում երթևեկության խցանումների հարցը, որոնք այդ տարածքում գրեթե մշտական երևույթ են դարձել:
«Տեսեք, ամենախցանված հատվածը կենտրոնն է, Սարյանի այդ մասն է, որտեղ ուզում են հիմա միջազգային կենտրոն կառուցել, խցանված է նաև կրկեսի շրջակայքը, և այդտեղ ուզում են մի ծավալ էլ դնել, որ քաղաքը, ընդհանրապես, խեղդվի իր տրանսպորտային հարցերով։ Չեմ կարողանում հասկանալ, միտումնավոր են անում սա, թե ինչ-որ նպատակ կա, որ այս քաղաքը վերածեն չգիտեմ ինչի»,- ասում է Ասլան Մխիթարյանը:
Սարհատ Պետրոսյանը ևս մտահոգություն է հայտնում, որ նման խոշոր նախագծերի վերաբերյալ մասնագիտական և հասարակական քննարկումներ չեն կատարվում, հայտնի է դառնում այն ժամանակ, երբ արդեն որոշում կա:
«Եթե նման խոշոր նախագիծ լիներ 10-15 տարի առաջ, լայն հանրային և մասնագիտական քննարկում կլիներ, իսկ այժմ մենք դրանց մասին իմանում ենք վերջում: Հիմա տոտալ կերպով թքած ունեն և՛ մասնագիտական, և՛ հանրային կարծիքի վրա, և Երևանը տանում են կոլապսի, իհարկե, արդեն կոլապսի մեջ ենք, գնալով խորացնում ենք այն»:
Պետրոսյանը նշում է, որ նման մեծածավալ շինարարական տեմպերով իշխանությունը ցանկանում է տնտեսական էֆեկտ ցույց տալ, որը, սակայն, կարճաժամկետ է:
«Ցանկանում են ցույց տալ, թե իբրև երկրում ամեն ինչ շատ լավ է, տնտեսությունը լավ է: Անշարժ գույքի շուկայի ակտիվացումը ամբողջովին այդ նույն տրամաբանության մեջ է, մենք ամբողջ երկիրը դարձրել ենք ռուսական շուկայի լվացքի մեքենան, քանի որ նրանց համար այլ ուղղությունները փակ են, և դրանից կարճաժամկետ հաճույք ենք ստանում՝ առանց երկարաժամկետ մտածողության: Եվրոպայում տեսնում ենք՝ ինչ է կատարվում, նույնը մեզ մոտ է արդեն, հայաստանցիները չեն կարողանում Հայաստանում տուն գնել: Երևանը դառնում է անարդար քաղաք, անառողջ քաղաք՝ օդը կեղտոտ է, շարժվել հնարավոր չի, շուտով միայն հարուստներն են կարողանալու շարժվել Երևանում, միայն հարուստներն են կարողանալու կենտրոնում ապրել, իսկ կոնսերվատորիայի այն տարեց դասախոսը, ով քաղաքի կենտրոնի համն ու հոտն է, օրինակ, այդ մարդն ի՞նչ պիտի անի, թողնի՞ գնա։
Այս ամենը շատ-շատ լուրջ հետևանքներ է բերելու, մենք սխալ ճանապարհով ենք գնում»,- եզրափակում է Պետրոսյանը:
Tert.am-ի հետ զրույցում քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը տեղեկացրեց, որ նախագիծը դեռևս շինարարության թույլտվություն չի ստացել, այլ՝ նախագծման թույլտվություն:
Մեր այն հարցին, թե քաղաքաշինական նորմերի հետ կապված մտահոգություններ չկա՞ն նման մեծ պրոյեկտներ նախատեսելու հետ կապված, նա նշեց. « Քանի որ դեռ նախագծման թույլտվությունն է, և այդ էսքիզները, որոնք արտացոլվում են, վերջնական հստակեցման կարիք ունեն: Այսինքն, մենք կարող ենք տեսնել մի թիվ, բայց վերջնական փուլում դա կարող է լրիվ այլ բան լինի: Վստահաբար, չենք կարող հղում տալ այն պատկերներին, որոնք մենք տեսնում ենք ֆեյսբուքյան և այլ սոցցանցային հարթակներում: Նախագծման թույլտվությունը տրված է ծրագրի առաջին փուլի համար, առայժմ այսքանը կարող եմ ասել»:











