Տիգրանակերտը վերականգնելու է Արցախի վաղ և միջնադարյան մշակույթի մի այնպիսի կերպար, որը սենսացիոն նորույթ է լինելու. արշավախմբի ղեկավար

09:15 • 24.08.15

Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացնում է Արցախի Տիգրանակերտ քաղաքի` այս տարվա քառասնօրյա պեղումների արդյունքները: Ըստ նրա՝ աշխատանքներն ընթացել են երեք պեղավայրերում՝ Ամրացված թաղամասում, Անտիկ առաջին թաղամասում և Վաղքրիստոնեական հրապարակում. նոր բացահայտումները բազմաթիվ են: «Տիգրանակերտի հետազոտությունը ոչ թե մեր ակնկալիքներն արդարացնող միջոցառումներ են, այլ հետազոտություններ են, որոնց նպատակն է եզրակացությունների հանգել բացահայտումների արդյունքում: Տիգրանակերտը վերականգնելու է Արցախի վաղ և միջնադարյան մշակույթի մի այնպիսի կերպար, որը սենսացիոն նորույթ է լինելու: Դա չի լինելու մեր նախկին ցանկությունների թվագրությունների ապացույցը, դա լինելու է ունիկալ կերպար, շատ ավելի խորը մանրամասն ու շատ ավելի տրամաբանված»,-ասաց նա: Ի դեպ, ըստ հնագետի քաղաքի ընդհանուր տարածքը, ըստ հաշվարկների, 70 հեկտար է, իսկ արշավախումբը 10 տարիների ընթացքում պեղել է ոչ ավել, քան 2-3%-ը: 

-Պարո՛ն Պետրոսյան, այս տարվա արշավախմբի պեղումների 40-օրյա ժամկետը ավարտվել է, ի՞նչ արդյունքներ կան, ի՞նչ նոր տեղանքներ են բացվել: 

-Այս տարվա պեղումների արդյունքներից առաջինը Ամրացված թաղամասում, որը կառուցել է հենց Տիգրան Մեծը, նոր պարսպաշարքի հայտնաբերումն է: Մինչև հիմա մենք բացել էինք հարավային և հյուսիսային պարսպաշարերը, և մեզ համար հասկանալի չէր, թե դրանք ինչպես են կիրառելի դառնում: Պարզ է, որ Տիգրանն այդքան ճիգերի գնալով և Ամրացված թաղամասը տեղադրելով թեքության վրա, որ հսկայական աշխատանքներ է պահանջում, ինչ-որ ձևով հսկողության տակ է պահել արքայական աղբյուրները: Մեր նախորդ ունեցած պաշարները հստակորեն ցույց չէին տալիս, թե ինչպես են դրանք միանալու աղբյուրներին: Հիմա այս տարի, քանի որ տեղանքը վառվեց, այնտեղ խորհրդային շինություն կար և քարերը մաքրվեցին, մեզ հաջողվեց նոր աղբյուրներ գտնել, որոնք արքայական աղբյուրներից ընդամենը 50-60 մետր հեռավորության վրա են գտնվում, և այնտեղ երկու նոր պարսպաշարեր են հայտնաբերվել: Չնայած կառուցվածքը տարբերվում է նախորդներից, բայց մեզ հույս է տալիս, որ մենք կկարողանք առաջիկա 2-3 տարիների ընթացքում Ամրցաված թաղամասի պարսպապատերի ընդհանուր հատակագիծն ունենալ և հասկանալ արքայական աղբյուրների պաշտպանության խնդիրն ինչպես է լուծվել:

Երկրորդ կարևոր ձեռքբերումն առաջին Անտիկ թաղամասի պեղումների ամբողջացումն է: Այս տարի մեզ հաջողվեց համարյա թե ամբողջությամբ պեղել փոքրիկ թաղամասը կամ թաղամասի առանձնացված հատվածը: Հիմա մեզ հասկանալի է, որ ինքն առանձին մեծ համալիր է եղել, 10-ից ավելի սենյակներից բաղկացած, սեփական մուտքով, նեղ միջանցք-փողոցով, որն իրար է կապել սենյակները և հավաստիանալ, որ այդտեղ բնակվել են փոքր ընտանիքներ, որոնք զբաղվել են երկրագործական, անասնապահական մթերքների մշակմամբ, այսինքն՝ դրանք փոքր բջիջներ են արհեստավորական ինչ-որ ուղղվածությամբ: Բայց ամենակարևորն այդ հատվածում այսպես կոչված «Հիպոդամյան» համակարգի բացահայտումն է, այսինքն՝ բոլոր պատերը ուղիղ են, պատերն իրար հետ հատվում են ուղիղ անկյան տակ: Այս համակարգը մշակվել է մ.թ.ա. 4-3 դդ-ում և դասական հելլենիստական քաղաք է համարվում, երբ ճարտարապետությունն ունի հիպոդամյան համակարգ: Հայաստանում այդ համակարգը համարյա չի օգտագործվել: Այսօր հայաստանյան միակ բնակավայրը, որ այդ համակարգին հետևում է՝ Գորիսն է, որ նախագծել են ֆրանսիացիները 19-րդ դարի երկրորդ կեսին: Այսինքն՝ մենք դրանում նոր փաստարկ ենք հավելում, որ իրոք այդ քաղաքը կառուցվել է ժամանակի առաջադեմ ճարտարապետական մտքով և մտածողությամբ:

Երրորդ կարևոր ձեռքբերումը՝ Վաղքրիստոնեական հրապարակում ուսումնասիրվել են սարկոֆագային և քարարկղային թաղումները: Դրանք հետագա դարերում թաղամասի տարածքում կատարված ուշ թաղումներն են, որոնք մեծ վնաս են հասցրել համալիրի շինությունների և մշակութային շերտերի ամբողջականությանը: Նոր թաղումները ուսումնասիրվելու են արշավախմբի մարդաբան Պոլ Բեյլիի կողմից: Շատ կարևոր է այս ուսումնասիրությունը մեզ համար, որովհետև Արցախի վաղքրիստոնեական հուշարձանների թվագրությունը միշտ տատանումների մեջ է: Մենք կարիք ունեինք ոսկրաբանական նյութի, որը մեզ կտար հստակ թվագրություն: Դեռևս անցած տարի մենք 10 բեկորներ են ուղարկել Ֆրանսիա՝ Մարսելի համալսարան և պատասխանի ենք սպասում և դա հնարավորություն կտա Տիգրանակերտի երկու եկեղեցիները, փոքր եկեղեցու խորանում կառուցված դամբարանի թվագրությունը հստակեցնել: Ինչու եմ հատուկ շեշտադրում, որովհետև մենք այսօր Արցախում առանձնահատուկ երևույթի բախվեցինք, դա վաղ կառուցված սրբարանների արևելյան մուտքեր են, որոնք եզակի են վաղ քրիստոնեական ճարտարապետության մեջ: Մենք պետք է հասկանանք, ինչու են մուտքերը արևելքից, իսկ բոլոր մնացած հուշարձանների մուտքերը արևմուտքից են: Մենք Ամարասում անցյալ տարի նույնպես պեղեցինք և արևելյան մուտք գտանք: Նման մուտք ունենք Տիգրանակերտում և Վաճառում՝ Գանձասարից քիչ ներքև գտնվող: Ուզում եմ ասել, որ Տիգրանակերտի հետազոտությունը ոչ թե մեր ակնկալիքներն արդարացնող միջոցառումներ են, այլ հետազոտություններ են, որոնց նպատակն է եզրակացությունների հանգել բացահայտումների արդյունքում: Դա շատ ունիկալ հետազոտական գործընթաց է, որ ոչ թե ինչ-որ բան գտնում փաստեր են ցույց տալիս, այլ մենք գտնում ենք շատ ուշագրավ փաստեր, որոնք ստիպում են նորից մտորել ու նորից հասկանալ։ Այս տեսակետից Տիգրանակերտը վերականգնելու է Արցախի վաղ և միջնադարյան մշակույթի մի այնպիսի կերպար, որը հայտնի չափով սենսացիոն նորույթ է լինելու: Դա չի լինելու մեր նախկին ցանկությունների թվագրությունների ապացույցը, դա լինելու է ունիկալ կերպար, շատ ավելի խորը մանրամասն ու շատ ավելի տրամաբանված:

-Պարո՛ն Պետրոսյան, ընդհանուր քաղաքի քանի՞ տոկոսն է արշավախումբն այս 10 տարիների ընթացքում բացել, հասցրել ուսումնասիրել: 

-Քաղաքի ընդհանուր տարածքը մեր այսօրվա հաշվարկներով մոտ 70 հեկտար է, ամեն տարի առավելագույնը մենք պեղում ենք ոչ ավելի, քան 1/10-րդ, կամ 1/8-րդ հեկտարը, այսինքն՝ արշավախումբը ընդհանուր պեղել է քաղաքի տարածքի ոչ ավելի, քան 2-3%-ը: Բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք պեղել ենք այդքան քիչ, մենք պեղել ենք ամենաաչքի ընկնող, ամենակարևոր բաղադրիչներից մի քանիսը: Արդեն 10 տարվա պեղումներից հետո մենք գիրքն ենք գրում, իհարկե ոչ շտապողաբար, մենք կարող էինք լավ նկարներ դնել և հայտարարություններ անել, բայց հիմա ենք մենք ի վիճակի խորությամբ հասկանալ: Ես հավատացնում եմ ձեզ նույնիսկ ամենատաղանդավոր հետազոտողի համար հեշտ չէ: Ջանում ենք այսպես ասած չհրապուրվել՝ լուսանկարներ և նյութեր հրապարկելով: Շատ հարցեր ենք դրել, բայց ֆինանսավորումն է 1/3-րդով կրճատվել և բազմաթիվ այլ հանգամանքներ հնարավորություն չեն տալիս իրացնել այնպես, ինչպես մենք ենք ցանկանում:

-Իսկ արշավախմբում օտարերկրյա հնագետներ կա՞ն, թե միայն հայ մասնագետներ են: 

-Հիմնական ծանրությունն ընկած է Երևանի պետական համալսարանի և Ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի վրա: Բացի մի քանի անալիզներից, դեֆիցիտ մի քանի բաներից, զուտ հնագետ, ճարտարագետ և նման այլ մասնագետների կարիք չունենք։ Այլ բան է, որ քաղաքական իրավիճակն անընդհատ ստիպում է մեզ ցույց տալ Տիգրանակերտի միջազգային ճանաչումը հայտնի պատճառներով, իսկ Ադրբեջանն անընդհատ խանգարում է, որպեսզի միջազգային կազմակերպությունները մեզ հետ համագործակցեն, իրենց մասնագետներին ուղարկեն, բայց վերջին 4 տարիների ընթացքում մեր արշավախմբում միշտ նման մասնագետներ կան.  2 տարի Ֆլորենցիայի համալսարանի մասնագետներն էին այստեղ, արդեն երկրորդ տարին է մեզ հետ համագործակցում է Մարսելի համալսարանից մարդաբան Պոլ Դեյվին: Այս տարի իր միջոցների հաշվին մեզ հյուրընկալվեց Կիպրոսի համալսարանի արևելագիտության հետազոտությունների ֆակուլտետի դեկան Թոմաս Ֆինկլերը, ով մայրաքաղաք Տիգրանակերտի տեղադրության ամենահայտնի մասնագետներից մեկն է: Հիմնավոր ծրագիր ենք կազմում, որ Թոմասի հետ միասին ստուգենք Թուրքայի այն տարածքները, որոնք համարվում են Տիգրանակերտ մայրաքաղաքի մնացորդներ: Քանի որ մենք լավ չգիտենք հենց Տիգրանի ժամանակ կառուցած քաղաքները, միայն մեկը գիտենք, դա Արցախի Տիգրանակերտն է, իսկ դրա իմացությունը՝ պարիսպներն ինչպես են, քարն ինչպես է հղկված, հատակագիծն ինչպես է , նյութական մշակույթն ինչպիսին է, մեզ հիմք են տալիս ավելի հստակեցնել, թե որն է հավանական մայրաքաղաք Տիգրանակերտի տեղադրությունը:

-Իսկ թանկարժեք գտածոներ չեն հայտնաբերվել, օրինակ՝ Տիգրան Մեծի հատած դրամներից և այլն: 

-Ընդհանրապես դրամները գտնվում են դամբարաններում՝ թաղումներից: Մենք Տիգրանակերտի բուն դամբարանադաշտը չենք գտել: Սա շատ մեծ խնդիր է, բայց շրջակայքում պեղել ենք մի քանի կարասային թաղումներ, և այդտեղ գտել ենք պարթևական դրամներ, որոնք այսօր ցուցադրվում են Տիգրանակերտի թանգարանում: Պետք է ասեմ, և Տիգրանի ժամանակ էլ Հայաստանի դրամական շրջանառության 70-80 տոկոսը կազմել են պարթևական դրամները, որովհետև Տիգրանը կարճ ժամանակ է եղել և դրամահատությունը երկար չի տևել, որ ծածկի ուրիշներին: Այս տեսակետից, եթե 100 դրամ գտնեինք, 5-6-ը կլիներ Տիգրանի կամ նրա հաջորդների դրամները: Բայց մենք չեն գտել Տիգրանի որևէ դրամ Տիգրանակերտում: Ընդհանուր հետաքրքիր գտածոները շատ են, բայց այսօրվա գանձի հասկացողությամբ իրեր չենք գտնում քաղաքում: