Քարկոծված քաղաք. մարմնի և հոգու սողք /Բ մաս/

21:45 • 20.10.15

Արվեստաբան, համադրող Ռուբեն Արևշատյանի հետ զրույցի Ա ՄԱՍԸ փորձ էր «Քարկոծված քաղաքը», նրա նյութական և խորհրդանշանային իմաստները, նշաններն ու  տեքստերն ընթերցել ավելի վարժ` նոր ժամանակի զգացողություններով ու գործիքներով: Զրույցը  մերկացրեց նաև արդիության շղարշի տակ քաղաքի կենտրոն իջեցված ստալինյան ռեինկարնացիան` Հյուսիսային պողոտայի չարչարված մարմինը, չշրջանցելով նաև ավանդականի և արդիականի, նյութական ինքնաարարումից  դեպի գաղափարական նյութականացման հասնելու ելքերը, մեն մի նպատակադրմամբ` ստեղծել բոլորիս ընդգրկող հաղորդակցական կոդեր և…թույլ չտալ, երբեք թույլ չտալ, որ մեր հավերժական սեր Երևանը  տրորվի խամ ձիավորների սմբակների տակ…

 

-Պարո՛ն Արևշատյան, այսօր ցանկացած հարց կարելի է քշել սոցիալ-քաղաքական դաշտ և անգամ  մշակութային լուրջ խնդիրների համար այնտեղից քաղաքական ապաստան հայցել, բայց սա փակուղի է: Հենց մշակույթից են արտածվում քաղաքակրթական արժեքները, քաղաքը, քաղաքականությունը, կոպիտ ասած, գրողը, ճարտարապետն  է քաղաքական գործիչը: Հենց այս ընտրախավը պիտի ձևակերպի,  թե ինչ է, օրինակ, հայկականությունը, որ մարդիկ թյուրիմացաբար նույն հայկականություն ասվածը չշփոթեն վերնիսաժային հայտնի տրանսազգային խորհրդանշանների հետ, ուր Հայաստանը մեկ արնագույն նուռ է, մեկ կորուսյալ երկրի  առանձին ծվեններ, նարդի կամ ցեղասպանություն: Ի՞նչ է հայկականությունը ճարտարապետների ընթերցմամբ:


- Չնայած գաղափարական ճնշումներին` մեր ճարտարապետները  երբեք չեն  կենտրոնացել միայն  նեղ մասնագիտական խնդիրների վրա: Ճարտարապետական մեր դպրոցները երբեք իրենց դուրս չեն դրել  քաղաքական, մշակութային լուրջ դիսկուրսներից: Բայց Թամանյանի դպրոցի պատկերացմամբ հայկականություն ասվածը մի բան էր, պրոլետարական դպրոցի համար՝ լրիվ այլ բան, 60-ականներին  ի հայտ եկած մոդեռնիստների ինտերնացիոնալ ճարտարապետությունը տեսական այլ դրույթներ առաջադրեց, իսկ Ռաֆայել Իսրայելյանը միանգամայն այլ կոնցեպտ ուներ։ Հայկականությունը շատ հին դիլեմա է, որի շուրջ  ողջ  20-րդ դարի մշակութային դաշտի տարբեր հարթակներում տեղի էին ունենում խիստ վիճաբանություններ։ Ինչ վերաբերում է հետխորհրդային շրջանին` անկախ ժամանակաշրջանի  մշակութային ընկալումներին, ապա այդ պատկերացումները հեռու չեն խիստ լոկալիզացված կլիշեների մակարդակից:


-Ահա` այստեղից էլ կարծես գալիս է  այսօրվա սուվինիրային հայկականությունը: Մենք կարծես չափ, մետր չունենք. խելքներիս փչում է այս շենքն ու արձանը տեղահանել` տեղահանում ենք, մի  հրապարակն ու փողոցն առնվազն տասնամյակը կամ քսանամյակը մեկ վերանվանվում է`  օրվա գաղափարախոսական կուրսով: Բայց եթե չկա գլխավոր հարցի պատասխանը, ամեն մի դատարկ բան կարող է հայտնվել նրա տեղում` պատմական իրադարձությունների ֆետիշներից մինչև ինչ-ինչ բրենդներ: Ուրեմն ո՞ր սերունդը և ե՞րբ պիտի պատասխանի այս հարցին:

 


-Այս հարցի պատասխանը լուրջ  տեսական դիսկուրսներ է ենթադրում, միանշանակ մեկ պատասխան տալն անհնարին է: Դրա նպատակը վերջին հաշվով հասարակության ձևավորումն է, քաղաքաշինական հարթակի վերջնանպատակն էլ կարծես սա է` ծառայել հասարակական շահին: Բայց այսօր տնտեսական էլիտաների կողմից նույն այդ խորհրդանշանների կիրառումը ոչ մի բարձր նպատակի կոչված չէ, այն զուտ տնտեսական նեղ շահերի սպասարկմանն է ուղղված: Սա ոչ մի կապ չունի հայկականության փնտրտուքի դիսկուրսի հետ: Սակայն, անշուշտ, պաշտոնական կառուցվածքներից դուրս պլատֆորմներ միշտ կան, դրանք եղել են նաև սովետական շրջանում:  70-80-ականներին, օրինակ, մի շատ հետաքրքիր պրոցես եղավ` երբ ճարտարապետների ընտրախավն իրեն դուրս դրեց պաշտոնական քաղաքականության համատեքստից և ավելի ինքնամփոփ կերպով սկսեց իր քաղաքական պլատֆորմը կառուցել` առաջադրելով ինքնուրույն գաղափարներ և տեսլականներ: Մենք նոր-նոր ենք վերլուծության ենթարկում, ընթերցում  սովետական մոդեռնիզմի, պոստմոդեռնի գործերը, հիմա է անդրադարձը տեղի ունենում, բայց դրանք միանգամայն ինքնուրույն քաղաքական տեքստեր էին:


-Անշուշտ, ճարտարապետությունը պետք է քաղաքականություն ստեղծի և թելադրի,  հակառակ դեպքում դառնում է ոչ միայն քաղաքականության վկա, այլև` մեղսակից, որքան էլ ծանր է հնչում: Հիմա շատ է շրջանառվում մտավորականության մի սահմանում, ըստ որի՝ նա հենց քննադատական մտքի կրողն է: Բայց այսօր սա կարծես լրացվելու, մի նոր ընթերցում անցնելու պահանջ է առաջադրում: Որովհետև միայն քննադատական միտք կրելն ու դրա լոբբինգով տարվելն այսօր բավարար  չէ, պետք է նաև գտնել ելքերը և իրացնել այդ քննադատական միտքը գործուն միջոցներով: Ես Ձեզ տեսել եմ Երևանն այլասերող տարբեր ձեռնարկների դեմ կազմակերպված ակցիաների առաջին շարքերում, սա շատ կարևոր է, սա քննադատական միտքն է, որը, որպես կանոն, պարտվում է փողոցում, այդես չէ՞:  


-Ոչ: Մենք այսօր հասել ենք նրան, որ ճարտարապետության պահպանման խնդիրները դարձել են հասարակական գործընթացների կարևոր բաղադրիչներից մեկը: Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի հաղթանակը հենց սրա ապացույցներից մեկն էր, որն անգամ  միջազգային հնչեղություն ստացավ: Սա լուրջ հաղթանակ էր.  հանրույթը կարողացավ արժևորել այդ պլաստի դերը և պահպանել նրա ինքնությունը: Երևանյան քաղաքաշինական զարգացումները, որքան էլ զարմանալի հնչի,  բավականին զուսպ են սովետական մյուս տարածքների համեմատությամբ, որովհետև  զսպող ֆունկցիա կատարող դիրսկուրսը կա քաղաքում: Այդ զսպաշապիկն այսօր բավականաչափ ազդեցիկ է շատերի ախորժակը սահմանափակելու և նրանց չափավորելու առումով: Սա շատ կարևոր է, եթե այն չլիներ, մի քանի անգամ ավելի սարսափելի կլինեին զարգացումները:


-Համաձայն եմ,  այսօր ոչ մեծ թվով, բայց կան արթուն քաղաքացիական խմբեր, որոնք  դիմակայություն են ցույց տալիս: Սակայն մեզ մոտ կարծես քրոնիկ է դարձել, որ գաղափարական վեճերը շատ արագ երկու կողմերին բաժանում են «այո»-ի և «ոչ»-ի ճակատների և սկսվում են փողոցային մարտերը: Երկխոսություն չկա, կողմերը կարծրանում են,  և  որպես կանոն, հասարակությունը հիմնականում պարտված ու թուլացած է դուրս գալիս հերթական հակամարտությունից: Հիմա, նրանք, ովքեր մեր քաղաքում Վերնիսաժի նարդիների  փեղկերի կամ պայթած շրթերով նռների պես ռաբիս շենքեր են կառուցում հաստատ ունեն իրենց փաստարկները. ես զրուցել եմ նրանց հետ: Ասում են`մենք բիզնեսմեն ենք, կառուցում ենք էժան ինքնարժեքով բնակելի շենքեր, որ կարճ փողերից փող սարքենք, իսկ երբ, օրինակ, գալիս են ավելի պրոֆեսիոնալ ճարտարապետները առնվազն 3-4 անգամ թանկ նախագծեր են առաջարկում…


-Նրանք պարզապես ստում են կամ` սեթևեթում: Այդ մարդիկ խաղում են նույն սոցիալիստական հասարակության մեջ ֆունկցիոնալ դարձած  մատչելի և հավասարապես բաշխված բնակելի շինարարության գաղափարի հետ։ Խրուշչովն էլ էր ասում նույնը` մենք արտադրում ենք էժան բնակելի տարածություն: Բայց այդ խրուշչովկա կոչվածները որպես ժամանակավոր բնակատեղի պիտի ծառայեին բարաքները լքող մարդկանց,  հիմքում դրված էր բոլորին բնակարանով ապահովելու հրամայականը և միջոցների միջև խտրություն չէր դրվում կարծես:  Հիմա Հյուսիսային պողոտան իսկական ստալինյան նախագիծ է: Դրա համար էլ մենք հարցնում ենք` ո՞ւմ համար եք արտադրում  այդ բնակելի տարածությունը, սկզբունքը ո՞րն է ։ Փառք Աստծո, այսօր  հանրությունն ունի որոշակի  պատկերացում այն մասին, որ հանրային բարիքը պիտի բաշխվի հավասարաչափ և ընդվզում է, երբ հերթական անգամ ոտնահարվում են իր իրավունքները:


-Ամբողջ հարցն այն է, որ շատ հաճախ  հասցեական չէ մեր ընդվզումը. նորահայտ կապիտալիստն իր ունեցվածքը լեգիտիմացնելու վեհ նպատակը թողած` ինչո՞ւ պիտի մտածի  հավասարության, ազատության և մրցակցության մասին, կարծեմ հենց այդ արժեքներն են դրված  քաղաքաշինության մշակույթի հիմքում: Մարդը շինարարության թույլտվությունը պոկում է և անցնում գործի: Ստացվում է այնպես, որ լրիվ անհասկանալի է դառնում մի ամբողջ նախարարության  գոյության իմաստը: Հայտնի շարքը մտքիս եկավ` շունը հաչում է, կատուն`մլավում…իսկ ի՞նչ է անում ասենք`  քաղաքաշինության նախարարությունը,  որի կանոնադրությունն ավետում է, թե պարտավոր է  ապահովել  համաչափ բաշխվածություն, ներդաշնակ կենսատարածք, էլ չենք խոսում մշակութային լանդշաֆտների պահպանության և հատկապես «կանաչ քաղաքաշինություն»  հռչակված վսեմ ծրագրերի մասին: Ձեր կարծիքով, այդ կառույցն ինչո՞վ է զբաղվում իր ամենօրյա աշխատանքային 8 ժամվա ընթացքում:


-Քաղաքաշինության նախարարությունը զբաղվում է նրանով, ինչով զբաղված է: Հնարավոր է անգամ, որ իրենք ուզում են համապատասխանեցնել իրենց գործունեությունն իրենց կոչմանը, բայց  գործ ունեն այսօրվա ռեալության հետ։ Դժվար է գտնել այդ ռեալության և իդեալի  բալանսը։ Այս նախարարությունն ավելի շատ զբաղված է պրակտիկ խնդիրներով։ Բայց հարցը միայն  զուտ ռեսուրս գտնելու և ներդնելու ոլորտում  չէ։ Խոսքը գնում է հանրային պրոցեսների, պատմության, մշակութային իրավիճակի խորը ուսումնասիրման մասին, որպեսզի կարողանան հասկանալ քաղաքի զարգացման հեռանկարները։ Այսպիսով` խոսքը ազգային գիտակցության մասին է, պետք է չափել, գնահատել, թե այս տարածքը, հասարակությունն առաջիկայում զարգացման ինչ հեռանկարներ կարող է ունենալ:  Դրա համար պիտի վերլուծել և հասկանալ` ինչ իրավիճակ է ձևավորված և եթե անհրաժեշտ է` վերջին միջոցն էլ հանել բոլորի գրպանից` դրությունը փրկելու համար: Ազգային ճարտարապետություն ասվածն էլ պետք է արժևորվի. ծայրահեղ է բոլոր դպրոցները դուրս բերել և ազգային ճարտարապետություն ասվածի տակ դնել միայն Թամանյան և  Իսրայելյան: Այդ շրջապտույտից էլ պետք է դուրս գալ:


-Պարո՛ն Արևշատյան, մի շատ միամիտ հարց` իսկ մենք  այսօր քաղաքաշինարարների պրոֆեսիոնալ բանկ ունե՞նք: Քաղաքաշինարար` ժամանակակից կրթական չափորոշիչներով, որն իր մեջ ներառում է ճարտարապետի,  բնապահպանի, սոցիոլոգի,  ևս մի քանի  այլ մասնագիտացումների գիտելիքը: Կարծեմ, սա նոր մասնագիտություն է նաև դրսում: 


-Դա բնավ էլ նոր մասնագիտություն չէ։ 20-րդ դարի ողջ ընթացքում քաղաքաշինության հիմքում դրված է եղել հենց նոր քաղաքի ձևավորման խնդիրը: Թամանյանը եղել է քաղաքաշինարար, եղել են այլ քաղաքաշինարարներ նույն պրոլետարական ճարտարապետության դպրոցից, որոնք առաջ են քաշել ոչ միայն  Երևանի, այլև շրջանների, գյուղերի համար գլխավոր հատակագծեր, զարգացման հեռանկարային նախագծեր: Իհարկե, այս մասնագիտությունն էլ մյուսների պես զարգանում և կատարելագործվում է, բայց ինքը կանգնած է եղել մոդեռնիստական մշակույթի ակունքներում որպես քաղաքային տարածության  զարգացման և հետազոտման գիտություն:


-Բայց այսօր քաղաքաշինական առանձին նախագծերի դեպքում շատ հաճախ բնապահպանը դառնում է ճարտարապետի ընդդիմությունը, ճարտարապետը` շինարարի: Կարծես չի երևում այդ համահավաք դիտակետը, երկուսը, երեքը մեկում մասնագետը, որը պիտի այս բոլոր կարծիքները համադրի և մեզ հեռու պահի քաղաքաշինական հերթական փորձությունից:


-Այդ առումով քաղաքային հետազոտություն ասված դիսցիպլինը շատ կարևոր է:Դրա համար էլ  այսօր քաղաքաշինարարի մասնագիտությանը մի նոր բաղադրիչ է ավելացել, նոր գիտություն`  մշակութաբանությունը և այսօր ամբողջ աշխարհում դասավանդվում է,  մասն է ակադեմիական նոր կրթության: Քաղաքային հետազոտությունն իր մեջ ներառում է  ֆրագմենտացված տարբեր դիսցիպլիններ՝ բնապահպանությունը, սոցիոլոգիան, ճարտարապետությունը, որոնք փոխկապակցելով  իրար ստացվում է ընդհանրական պատկեր։ Դրա համար էլ մշակութաբանությունը հանրային գիտակցության դեֆորմացիաների հարթությունից է մեկնում քաղաքաշինական խնդիրները: Պետք է հասկանալ խնդիրների ողջ համակարգը, որպեսզի այն հնարավոր լինի համադրել  հանրային սպասումների, պահանջների հետ: Ճարտարապետությունը պատկերներ, մարդու համար հնարավորություններ է ստեղծում, և երբ այդ պատկերը չքանում է մարդու աչքից մարդը հեռանկար է կորցնում, որովհետև ընդունում է, որ այս կամ այն պատկերն ու հնարավորությունն այլևս չունի:
 

-Պարո՛ն Արևշատյան, բայց հասարակության առաջադեմ հատվածը երբեք, ոչ մի ժամանակ էլ գոհ չի եղել օրինակ` Երևանի կառուցապատումից: Իհարկե, խայտառակության չափ ամոթ է, որ մենք Թամանյանի կենսագրության մասին պատմող մի արժեքավոր գիրք չենք ստեղծել, բայց որքան հայտնի է, նա էլ պակաս չի հալածվել. հետո եկան կոնստրուկտիվիստները, որոնցից էլ ահագին դժգոհ էին մարդիկ, ապա` Սովետ, գաղափարախոսական ծանր ստալինյան նախագծերի տակ կքած քաղաք: Խրուշչովկաների մասին Դուք խոսեցիք, բայց բրեժնևյան շրջանն էլ մի այլ ծայրահեղության մեջ էր կարծես` քաղաք մտավ, այսպես կոչված, ազգային-ազատագրական ճարտարապետությունը` նացիոնալիստական դպրոցը, որը նույն հայկականության մասին ահագին կոշտ կարծրատիպ ձևավորեց, բայց մասնագետները, կարծես, վախենում են քննադատել, ջարդել այդ կարծրատիպը. ինչո՞ւ:


-Այդ շրջանը, ավելի կոնկրետ` 60-ականները նոր, ազգային ճարտարապետական լեզվի էպոխան էր: Սա շատ բարդ և քիչ ուսումնասիրված  թեմա է, այո՛, որովհետև զուգահեռ եղել են արդի մտածողության  արտահայտման ուրիշ ձևեր, պաշտոնական այլ  գաղափարախոսություններ, որոնք այդ շրջանում դիտարկվում էին որպես այլընտրանքային, անգամ` ընդդիմադիր:  Օրինակ` նույն ազգային-ազատագրական մտածողությունը, ինչպես Դուք  ձևակերպեցիք կամ երկրորդ ազգային դպրոցը, որն  ի հայտ եկավ այդ նույն 60-ականներին:


- Դուք «Քաղցր 60-ականներ» խորագրով միջազգային նախագիծ եք անգամ ստեղծել և պատկերագրել սովետական ձնհալը, նույնիսկ հիպիների զարմանահրաշ հայտնությունը մեր քաղաքում…


-Այո, իմիջիայլոց, հենց 60-ականներից սկսվեց այս հուսալքությունը. այսօր էլ, խնդիրների վեկտորները չեն փոխվել, հատկապես հանրային տարածքի տրանսֆորմացիաների առումով: 60-ականներն իրենց փորձի առումով շատ ուսանելի են: Պատերազմն ու ճգնաժամերը միացրին ռեպրեսիվ մեքենան, բայց ժամանակն առաջադրեց նոր հնարավորություններ և գաղափարներ: Ճարտարապետությունը հենց այն արվեստի ձևն է, որ հստակ ցույց է տալիս հասարակական բոլոր միտումները, ընդհուպ` իշխանության ու հասարակական գործընթացի հարաբերությունը:


Ճարտարապետական այդ նոր լեզուն նույն սովետական ուշ շրջանի գաղափարական զարգացումների մասն էր կազմում։ Կարող եք նմանատիպ կերպարներ, զարգացումներ  տեսնել սովետական այլ հանրապետություններում: Այսինքն՝ նացիոնալիզմը դարձրին հասարակական գիտակցությունը վերահսկող նոր գործիք, որը եկավ  փոխարինելու  ստալինյան համակարգին:


-Այո, մեզ մոտ դա շատ ակնառու արտահայտվեց. մենք Ստալինի արձանը հանեցինք և անգամ պատվանդանը թողնելով նույնը «Մայր Հայաստանը» դրեցինք վրան: Ասում են, պոստսովետական տարածքում այդպիսի բոյբուսաթով հուշարձան չկա, եթե չեմ սխալվում, այդ կոփածոն 22 մետր է, չէ՞:


-Այո, բայց գիտեք, ինքը մասն էր նույն այն համալիրի, որի ֆորմալ, սինվոլիկ արտահայտությունների մասին քիչ առաջ խոսեցինք, որոնք ի հայտ եկան նաև տարբեր տոնակատարությունների տեսքով, այդ թվում` նույն «Էրեբունի-Երևան» տոնակատարության: 


-Մի զարմանալի հետևողականությամբ ամեն սերունդ ջնջում է քաղաքը և նոր տողից ու մի մատ խորքից սկսում թազա քաղաք կառուցել: Նույն սովետական շրջանի մշակութային ամբողջ  լանդշաֆտն էլ  հոշոտվեց և միայն այն փաստը, որ Լենինի պատվանդանի վրա գազոն փռվեց, վկայում է, որ այսօր արժեքային վակուում է, և մենք նոր տեքստ չունենք փոխանցելու քաղաքի գլխավոր հրապարակին: Բայց եթե չեմ սխալվում, այսօր աշխարհում սովետական մոդեռնիզմը արժևորման մի նոր փուլ է մտել, դարձել է քննության լուրջ նյութ: Այդպես չէ՞:


-Իհարկե, դարձել է. դրսի մշակութային տարբեր հարթակներում  այսօր արժևորվում է այդ շրջափուլը: Բայց վերցնենք  նույն «Զվարթնոց» օդակայանի պատմությունը. մենք փորձում ենք բացատրել, հասկացնել,  որ շենքը արժեք է ներկայացնում, և դա լուրջ խնդիր է, որովհետև այս կառույցը նույն  20-րդ դարի տարբեր արդիությունների, տարբեր  մտածողությունների բախման արդյունքում ի հայտ եկած կոնֆլիկտ է։ Դա տեսական մակարդակի վրա չի  ընկալվում։ Մենք բերում ենք Վիեննայի  ճարտարապետական կոնգրեսի օրինակը, որը արժևորել է սովետական մոդեռնիզմը, բազմաթիվ ցուցահանդեսներ են կազմակերպվել, բայց տեղային մակարդակը սա ի վիճակի չէ հասկանալ և ընդունել: Հասարակության մի մեծ հատված ասում է, որ դա արժեք է, մի ուրիշ հատված էլ՝ որ արժեք չէ։


-Քանի դեռ Երևանի մտքի, բանականության բոլոր թելերը չեն կտրվել, ժամանակը չէ՞ տեսական զրույցներից անցնել կոնկրետ կոնցեպտների, նոր մեկնակետերի առաջադրմանը: Թե չէ մինչ մենք  տարված ենք տեսական զրույցներով, ոմանք արդեն Երևանի համար  կարող են ապահովել Սոդոմ-Գոմորի քույր ու բախտակից քաղաք դառնալու հռչակը:


- Ճիշտ հակառակը, հենց իրական տեսական զրույցներ չեն վարվում։ Խոսքը գնում է տեսությանը մոտենալուն, երբ լուրջ դիսկուրսներ են ծավալվում, ոչ թե  իրավիճակային խնդիրներ առաջադրվում, ուր սովորաբար մեկ հարց է կանգնած` պահպանել, թե դեն նետել, որն էլ ի վերջո հանգում է  ուժային հակամարտության։ Տեսական, խորը հարցեր չի քննարկում տեղային հարթությունը: Այսօրվա քաղաքաշինարարները, որոնք պատասխանատու են քաղաքի զարգացման, պատմական շենքերի պահպանման  համար, իրենք պիտի խրախուսեն այդ տեսական դիսկուրսները և մասնակից դառնան դրանց։


-Իսկ մեդիայի դերն այստեղ ահռելի է.հրաշալի միտք հուշեցիք նաև ինձ, շնորհակալություն, ես էլ կփորձեմ իմ համեստ մասնակցությունն այդտեղ ունենալ` tert.am կայքում ստեղծելով  մի առանձին «Քարկոծված քաղաք» խորագրով զրուցաշար:


- Վարդ ջան, միտքը փոխանցելու միակ ձևը, միջոցը դրա մասին խոսելն է, տարբեր հարթակներից այդ միտքը հնչեցնելն է, գրելը, հրապարակելը: Ճարտարապետության և մեդիայի նպատակները շատ մոտ են միմյանց: Ընդհանրապես,  երբ որևէ խնդրի մասին ինտենսիվ է խոսվում, տեղի է ունենում տվյալ խնդրի կոդավորում, և  երբեք այն չի հասնում ինչ-որ մակարդակի ու կասեցվում։ Այն ծավալվում է և անպայման տալիս արդյունք, ազդում  քաղաքային միջավայրի զարգացումների վրա։ Նոր կապիտալիստական քաղաքի քաոսի հետ կապված  դիրսկուրսն արդեն մշակութային հարթակի վրա է, սա արդեն մեծ ձեռքբերում է, սակայն սա բնավ էլ  ինքնահանգստացման հիմք չէ:
 

Զրույցը` ՎԱՐԴուհի Սիմոնյանի