«Գրենլանդիան Դանիայինը չէ։ Գրենլանդիան Գրենլանդիայինն է». Դանիայի վարչապետը պատասխանել է Գրենլանդիան գնելու Թրամփի մտադրությանը

10:28 • 19.08.19

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը Sermitsiaq թերթին տված հարցազրույցում բացառել է Գրենլանդիայի` ԱՄՆ-ին վաճառելու հնարավորությունը:

«Գրենլանդիան Դանիայինը չէ։ Գրենլանդիան Գրենլանդիայինն է: Ես իսկապես հույս ունեմ, որ այս ամենն անմիտ կատակ է»,- հայտնել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, The Wall Street Journal-ը նյութ էր հրապարակել առ այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս իր օգնականներին հարցրել է Գրենլանդիայի՝ Դանիայի ինքնավար տարածքի գնման հնարավորության մասին:

Ինչպես պարբերականին պատմել են Թրամփի երկու օգնականները, նա բազմիցս հարցրել է նրանց և մյուսներին՝ հնարավոր է արդյոք գնել այն: Նշվում է, որ նա նույնիսկ խնդրել է Սպիտակ տան իրավախորհրդատուին գնման վերաբերյալ իրավական ուսումնասիրություն կատարել:

Ի դեպ, Թրամփը կիրակի լրագրողների հետ զրույցում հաստատել է տեղեկությունը:

Ավելի ուշ Դանիայի մի շարք քաղաքական գործիչներ թագավորության կազմում գտնվող ինքնավար տարածքի գնման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետաքրքրության մասին հաղորդագրությունն անիրատեսական կատակ էին որակել: 

«Թրամփը ցանկանում է գնել Գրենլանդիա՞ն: Հուսով եմ՝ կատակ է, այլապես այն Գրենլանդիայի ռազմականացման և Գրենլանդիայի ժողովրդի անկախությանը վտանգ ներկայացնող սարսափելի միտք է…չհաշված Դանիայի մեծ կորուստը»,- Twitter-ում գրել էր ԱԳ նախկին նախարար Մարտին Լիդեգորը: