«Ապրիլմեկյան կատա՞կ». Գրենլանդիայի գնման հարցում Թրամփի հետաքրքրությունը Դանիայում «անիրատեսական կատակ» են որակել
Դանիայի քաղաքական գործիչները թագավորության կազմում գտնվող ինքնավար տարածք Գրենլանդիայի գնման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետաքրքրության մասին հաղորդագրությունն անիրատեսական կատակ են որակել: Դանիայի կառավարության նախկին անդամները համապատասխան դիրքորոշումը հայտնել են Twitter-ի իրենց էջերում, գրում է Indipendent-ը:
«Սա, հավանաբար, ապրիլմեկյան կատակ է, բայց ոչ ճիշտ ամսին»,- գրել է նախկին վարչապետ Լարս Լյոկկե Ռասմուսենը։
«Թրամփը ցանկանում է գնել Գրենլանդիա՞ն: Հուսով եմ՝ կատակ է, այլապես այն Գրենլանդիայի ռազմականացման և Գրենլանդիայի ժողովրդի անկախությանը վտանգ ներկայացնող սարսափելի միտք է…չհաշված Դանիայի մեծ կորուստը»,- հայտնել է ԱԳ նախկին նախարար Մարտին Լիդեգորը:
«Այսպես, այսպես…Ամեն դեպքում կարծում եմ՝ մենք կպահպանենք մեր 370 մլն բարել հողակտորը»,-հայտնել է զարգացման նախկին նախարար Սորեն Պինդը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը՝ The Wall Street Journal-ը նյութ էր հրապարակել առ այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս իր օգնականներին հարցրել է Գրենլանդիայի՝ Դանիայի ինքնավար տարածքի գնման հնարավորության մասին:
Ինչպես պարբերականին պատմել են Թրամփի երկու օգնականները, նա բազմիցս հարցրել է նրանց և մյուսներին՝ հնարավոր է արդյոք գնել այն: Նշվում է, որ նա նույնիսկ խնդրել է Սպիտակ տան իրավախորհրդատուին գնման վերաբերյալ իրավական ուսումնասիրություն կատարել:










