Հայէկոնոմբանկը կարևորում է կորպորատիվ կառավարման մշակույթի խթանումը. կայացավ AioD-ի ATRIUM 2026 համաժողովը (տեսանյութ)
Ժամանակակից բիզնես միջավայրում արդյունավետ կորպորատիվ կառավարումը ոչ միայն մրցակցային առավելություն է, այլև երկարաժամկետ կայունության, ռիսկերի գրագետ կառավարման և գործընկերների ու հաճախորդների վստահության ամրապնդման կարևորագույն գրավական։
Կարևորելով կառավարման լավագույն փորձի ինտեգրումը բանկային համակարգում՝ Հայէկոնոմբանկի Խորհրդի անդամ Լուիզա Պետրոսյանը և Ռազմավարության և մեթոդաբանության վարչության պետ Հայկ Ավետիսյանն անդամակցել են Տնօրենների Հայկական Ինստիտուտին (AIoD), որի՝ 10-ից ավելի տարվա գործունեությունը նվիրված է Հայաստանի գործարար միջավայրում կորպորատիվ կառավարման առաջատար չափանիշների ներդրմանն ու տնօրենների խորհրդի արդյունավետության բարձրացմանը:
Նոյեմբերի 27-ին կայացավ ՏՀԻ նոր անդամների տարեկան հավաքն ու «ATRIUM 2026» համաժողովը, որի շրջանակում տարբեր ոլորտների տեղական և միջազգային խոսնակներ քննարկեցին կառավարչական փորձառության և ինստիտուցիոնալ գիտելիքի փոխհարաբերություններին առնչվող հարցեր:
Հայէկոնոմբանկը, որպես համաժողովի գործընկեր, իր աջակցությունն է ցուցաբերել միջոցառման կայացմանը՝ կարևորելով կառավարման բարձր չափանիշների խթանման շուրջ մասնագիտական երկխոսության ծավալումը:
«Կորպորատիվ կառավարման թեման այսօր առանձնահատուկ արդիականություն է ձեռք բերում Հայաստանի համար: Մեր տնտեսությունը զարգանում է, բիզնես միջավայրը դառնում է ավելի բարդ, խորանում է ինտեգրումը միջազգային տնտեսական գործընթացներին, և դրան զուգահեռ բարձրանում են կազմակերպությունների կառավարման որակին ներկայացվող պահանջները: Տնօրենների Հայկական Ինստիտուտի նման հարթակները կարևոր են մասնագիտական գիտելիքների խորացման, փորձի փոխանակման և նոր համագործակցությունների ձևավորման համար», - նշեց Հայէկոնոմբանկի Խորհրդի անդամ Լուիզա Պետրոսյանը՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերն առաջնային են Հայաստանում պատասխանատու, թափանցիկ և կայուն կառավարման մշակույթի զարգացման համար:
«Տնօրենների Հայկական Ինստիտուտի անդամների շարքում էական տեղ ունեն հայաստանյան բանկերը, և պետք է նշել, որ Հայաստանի ֆինանսական և բանկային համակարգն աչքի է ընկնում լավ ձևավորված կորպորատիվ կառավարման մշակույթով: Հայէկոնոմբանկի ղեկավարներից արդեն ունենք երկու անդամ, և ուրախ ենք արձանագրել, որ Բանկն, աջակցելով Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացմանը, հանդիսանում է ATRIUM 2026 համաժողովի գործընկերը», - իր խոսքում նշեց AIoD Գործադիր տնօրեն Արմենուհի Հովակիմյանը:
Իր հերթին, Հայաստանի բանկերի միության փոխնախագահ Ռուբեն Մելիքյանն ընդգծեց, որ բանկային համակարգը Հայաստանում առաջիններից է որդեգրել կորպորատիվ կառավարման մոտեցումները. «Ցանկացած ընկերության զարգացում այսօր պահանջում է կորպորատիվ կառավարման համապատասխան չափանիշներ: Հենց այս առաջնահերթություններից ելնելով՝ այսօր ՀԲՄ-ն ևս համագործակցության հուշագիր է ստորագրում Տնօրենների Հայկական Ինստիտուտի հետ»:
Հայէկոնոմբանկում նշում են, որ Տնօրենների Հայկական Ինստիտուտի հետ համագործակցությունը հերթական քայլն է կորպորատիվ կառավարման մշակույթի շարունակական զարգացման ճանապարհին:













