Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու
Ռուսական կողմը պատրաստ է աջակցել Թուրքիայի՝ որպես տարածաշրջանային էներգետիկ հանգույցի կայացմանը, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
Նա նշել է, որ համաժողովը համախմբել է ռուսական և թուրքական գործարար շրջանակների ավելի քան 200 ներկայացուցչի, ինչը հնարավորություն կտա «մեր ընկերություններին քննարկել նոր գաղափարներ և կառավարություններին ուղղակիորեն ասել, թե որտեղ է աջակցություն անհրաժեշտ»։
«Էներգետիկան շարունակում է մնալ մեր տնտեսական կապերի հենասյունը։ Ռուսաստանը բարեխղճորեն կատարում է Թուրքիա գազի, նավթի և նավթամթերքի մատակարարումների իր պարտավորությունները։ Հուսալիորեն գործում են «Երկնագույն հոսք» և «Թուրքական հոսք» գազատարները։ Զարգանում է համագործակցությունն էլեկտրաէներգետիկայի ոլորտում։
Թուրքիան այսօր արդեն կարևոր դեր է խաղում էներգառեսուրսների տարանցման գործում, և մենք պատրաստ ենք աջակցել նրա՝ որպես էներգետիկ առևտրի տարածաշրջանային կենտրոնի կայացմանը։ Թուրքիան Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկն է։ Պետությունների ղեկավարները խնդիր են դրել մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը հասցնել տարեկան 100 միլիարդ դոլարի։ Նպատակը հավակնոտ է։ Անշուշտ, դրան հասնելու ուղին անցնում է երկարաժամկետ պայմանագրերի, փոխադարձ ներդրումների և ընկերությունների համար հասկանալի ու կայուն պայմանների միջոցով»,- հայտարարել է նա:










