Լոս Անջելեսում 12 տարվա մեջ ամենաուժեղ երկրաշարժն է գրանցվել
Նոյեմբերի 28-ին Լոս Անջելեսի շրջանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել են ավելի քան 40 հետցնցումներ։ Այն վերջին 12 տարվա ընթացքում տարածաշրջանում գրանցված ամենաուժեղ երկրաշարժն է։
ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հերմոսա Բիչի ափերի մոտ։
Ցնցումների հետևանքով շենքերում դարակներից իրեր են ընկել, իսկ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի 7-րդ տերմինալում կոտրվել են ապակիներ և ընկել առաստաղի սալիկներ։ Նախնական տվյալներով՝ լուրջ կառուցվածքային վնասների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
ԱՄՆ երկրաբանական ծառայության սեյսմոլոգ Էլիզաբեթ Քոքրանի խոսքով՝ ափամերձ բնակավայրերի բնակիչները բավական ուժեղ ցնցումներ են զգացել, սակայն խոշոր կառուցվածքային վնասներ չեն արձանագրվել։
Հետցնցումներից հետո, որպես նախազգուշական միջոց, փակվել է Մանհեթեն Բիչի նավամատույցը։ Ռեդոնդո Բիչի նավահանգստի պարեկային ծառայությունն իրականացրել է նավամատույցի ստուգում։ Փակվել է նաև Հերմոսա Բիչի լողափը՝ նավամատույցի կառուցվածքային անվտանգությունը գնահատելու նպատակով։










